Չինական կորոնավիրուսն ավելի վտանգավոր է, քան համարվում էր․ ԱՀԿ

20:31   28 հունվարի, 2020

Նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն վտանգները, որ ներկայացնում է նոր կորոնավիրուսը, անվանել էր «չափավոր»։ Այժմ կազմակերպությունը փոխել է իր գնահատականները։ Ինչպես ասվում է նոր հաշվետվության մեջ, վիրուսի վտանգը «բարձր» է ամբողջ աշխարհում եւ «շատ բարձր»՝ Չինաստանում։

ԱՀԿ-ն ընդգծում է, որ գլոբալ ռիսկի գնահատականի փոփոխությունը չի նշանակում նոր վարակի հետ կապված արտակարգ դրության սահմանում։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսային պնեւմոնիայի պատճառով մահերի թիվը հասել է 106-ի՝ համեմատած մեկ օր առաջ 81-ի հետ։ Հիվանդացածների թիվը ավելի քան 4500 է։

Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, Հոնկոնգի համալսարանի գիտնականների գնահատականներով, հունվարի 25-ին հիվանդացածների թիվը, ներառյալ հիվանդության ինկուբացիոն փուլում գտնվող մարդիկ, պետք է հասներ 43 590-ի։ Մաթեմատիկական մոդելների համաձայն, այդ թիվը պետք է կրկնապատկվի յուրաքանչյուր 6,2 օրը մեկ։

Հիվանդացության դեպքեր են գրանցվում նաեւ այլ երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ավստրալիայում։



© NEWS.am Medicine