Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր. ե՞րբ դրանք կհայտնվեն

14:10   29 հունվարի, 2020

Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն այդ թեստերը կարող են հայտնվել առաջիկա 10 օրվա ընթացքում ԱՀԿ-ի եւ ՌԴ-ի հետ համագործակցության շնորհիվ: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին թեստերը, որոնք իրենցից ներկայացնում են ռեագենտներ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտությունների համար, հայտնվել են «բարձր ռիսկի» երկրներում՝ Չինաստանում եւ հարեւան երկրներում: Այլ երկրների մեծամասնությունում, որտեղ կորոնավիրուսի տարածման ռիսկը ցածր է համարվում (այդ թվում Հայաստան), դրանք դեռ հասանելի չեն:

«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք այդ թեստերը ստանալու համար: Հնարավորության դեպքում մենք դրանք կստանանք ԱՀԿ-ի եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության շնորհիվ»,- ասաց մասնագետը:

Տվյալ պահին, մասնագետի խոսքով, Հայաստանում հնարավորություն կա ախտորոշելու SARS-ը եւ կորոնավիրուսի մյուս տեսակները: Եթե 2019-nCoV կորոնավիրուսի կասկածանք լինի, կենսաբանական նմուշները հնարավոր կլինի ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, որտեղ կարող են հաստատել կամ հերքել այդ վիրուսի առկայությունը:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ նոր կորոնավիրուսի առավել տարածված դրսեւորումներից մեկը ինֆիլտրացված թոքաբորբն է, որը հաճախ ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Եթե Հայաստանում ինչ-որ պացիենտի մոտ նման խնդիրներ լինեն, նրա անալիզներն անպայման կուղարկվեն վերոնշյալ լաբորատորիաներ, եթե Հայաստանն այդ պահին սեփական ռեագենտները չունենա:

Սակայն այս պահին երկրում կորոնավիրուսի կասկածանքով պացիենտներ չկան, իսկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ժամանել են կամ պատրաստվում են ժամանել Չինաստանից, 14-օրյա հսկողություն է իրականացվում



© NEWS.am Medicine