Որ մթերքները կարող են արգելակել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը

23:47   3 փետրվարի, 2020

Որոշ մթերքների օգտագործումը կարող է արգելակել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, ինչպես պարզել են Ռաշ համալսարանի գիտնականները։

Նրանք հետազոտության մեջ ներգրավել են մոտ 1000 մարդու, որոնց տարիքը հետազոտության մեկնարկի ժամանակ կազմել է 81 տարեկան։ Ի սկզբանե ոչ մեկի մոտ դեմենցիա չի եղել։ 6 տարվա ընթացքում գիտնականները տվյալներ են հավաքել մարդկանց սննդակարգի, նրանց կենսակերպի մասին, ինչպես նաեւ ստուգել են նրանց կոգնիտիվ ունակությունները։

Դիտարկումների ընթացքում 220 մարդու մոտ դեմենցիա են հայտնաբերել։ Կամավորներին բաժանել են 5 խմբի՝ նրանց սննդակարգում ֆլավոնոլների՝ օրգանիզմը թթվային սթրեսից պաշտպանելու ունակ բիոակտիվ քիմիական նյութերի պարունակության համապատասխան։ Ֆլավոնոլների նվազագույն մակարդակով օգտագործման խմբում մարդիկ օրական օգտագործել են 5,3 միլիգրամ ֆլավոնոլ, առավելագույն օգտագործման խմբում՝ մոտ 15,3 միլիգրամ։

Ինչպես պարզվել է, առավելագույն օգտագործման խմբի մարդկանց մոտ դեմենցիայի վտանգը 48 տոկոսով իջած է եղել՝ համեմատած նվազագույն օգտագործման խմբի հետ։ Ֆլավոնոլներ պարունակող շատ մթերքներ օգտագործող 186 մասնակիցներից դեմենցիա ախտորոշվել է 28 մարդու մոտ։ Իսկ շատ քիչ ֆլավոնոլներ օգտագործող 182 մասնակիցներից՝ 54-ի մոտ։

Եթե մարդու մոտ գրանցվել է իզորամնետինի (ֆլավոնոլի տեսակ) բարձր խտություն, Ալցհեյմերի հիվանդության եւ դրա հետ կապված դեմենցիայի վտանգը նվազել է 38 տոկոսով։ Մեկ այլ ֆլավոնոլ՝ կեմպֆերոլը, վտանգը նվազեցրել է 51 տոկոսով, իսկ միրիցետինը՝ 38 տոկոսով։

Այս միացությունները պարունակվում են տանձի, ձիթայուղի, գինու, լոլիկի, կաղամբի, ընդեղենի, թեյի, սպանախի, բրոկոլիի, նարնջի, խնձորի եւ այլնի մեջ։

 



© NEWS.am Medicine