Կույր տղամարդը սկսել է տեսնել մեքենայի տակ ընկնելուց հետո

19:51   3 փետրվարի, 2020

Լեհ տղամարդը սկսել է տեսնել մեքենայի տակ ընկնելուց հետո, հաղորդում է Mirror-ը՝ հղում անելով լեհական ԶԼՄ-ներին:

Յանուշ Գորայը կուրացել է 20 տարի առաջ, երբ ալերգիկ ռեակցիայի պատճառով նրա մոտ աջ աչքի ցանցաթաղանթի հետ կապված խնդիրներ են առաջացել: Նրա ձախ աչքը տարբերել է միայն ձեւերն ու լույսը:

Մի անգամ նա հետիոտնային անցումի վրա ընկել է մեքենայի տակ, որից հետո ազդրի վիրահատության է ենթարկվել: Վերականգնումից 2 շաբաթ անց նա հանկարծ սկսել է տեսնել: Բացի այդ, այդ կարճ ժամանակահատվածում ապաքինվել են վթարի հետեւանքով ստացված բոլոր վերքերը:

Բժիշկները չեն կարողացել բացատրել, թե ինչ է նրա հետ տեղի ունեցել եւ ինչու է նա սկսել տեսնել: Հնարավոր է, որ դրա վրա ազդել է դեղերի կողմնակի էֆեկտը: Ինքը՝ Յանուշը, կարծում է, որ տեսողությունը վերականգնվել է այն բանից հետո, երբ վթարի պահին նրա գլուխը դիպել է մեքենայի կապոտին, ապա՝ ասֆալտին:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Յանուշը հրաժարվել է հետազոտություններից, սակայն այդ նույն հիվանդանոցում ընդունվել է աշխատանքի որպես պահակ: 



© NEWS.am Medicine