Բուժքույրը փորձել է մորֆինով թունավորել հինգ նորածինների

21:10   3 փետրվարի, 2020

Գերմանական Ուլմա քաղաքում, որը Բադեն-Վյուրտեմբերգ հողում է, բուժքրոջը կասկածում են հինգ նորածինների մահափորձի մեջ։ Գործի նյութերի համաձայն, նա նորածիններին փորձել է մորֆիով թունավորել։

Ինչպես հայտնում է New York Times-ը, 2019թ․ դեկտեմբերի 20-ին Ուլմայի համալսարանական կլինիկայում հինգ նորածինների մոտ շնչառական խնդիրներ են ծագել, եւ նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ընդ որում՝ երեքին միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Բոլոր երեխաներին հաջողվել է փրկել։

Մի քանի շաբաթ բժիշկները փորձել են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել երեխաների հետ եւ ինչու է հինգի մոտ միանգամից շնչառության հետ կապված խնդիրներ առաջացել։ Վարակի կասկածները չեն հաստատվել, սակայն երեխաների մեզի մեջ մորֆիի հետքեր են գտել, ինչի մասին անմիջապես տեղեկացրել են իրավապահ մարմիններին։

Ոստիկանությունը հարցաքննել է երկու բժիշկների եւ 4 բուժքույրերի, որոնք հերթապահել են դեկտեմբերի 20-ի գիշերը։ Նաեւ սպաները խուզարկել են բուժաշխատողների աշխատանքի վայրը, եւ բուժքույրերից մեկի պահարանում իրերի հետ միասին գտել են ներարկիչ՝ կրծքի կաթի եւ մորֆիի խառնուրդով։

Հետաքննության վարկածով՝ բուժքույրը իր հերթապահության ժամանակ կանխամտածված թունավորել է նորածիններին, սակայն կինը հերքում է բոլոր մեղադրանքները։

Մինչ հետաքննության ավարտը կինը, որի անունը չի ասվում, կգտնվի բանտում։ Նրան կասկածում են առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ հինգ մահափորձի մեջ։



© NEWS.am Medicine