Մահացու հիվանդ աղջիկը մահացել է իր երազանքի հարսանիքից մի քանի ժամ առաջ

22:31   3 փետրվարի, 2020

Շոտլանդիայի Կարնուետ գյուղից 42-ամյա Հեզել Դժեկը մահացել է իր երազանքի հարսանիքից մի քանի ժամ առաջ:

Ինչպես պատմում է The Sun-ը, կինը 6 տարի պայքարել է կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի դեմ: Հղիության ժամանակ նա նույնիսկ քիմիաթերապիայի է ենթարկվել, որը անվտանգ է եղել երեխայի համար: Այժմ նրա որդին 3 տարեկան է:

Հունվարի 22-ին բժիշկները նրա հարազատներին հայտնել են, որ հիվանդությունն այլեւս բուժման ենթակա չէ: Իմանալով, որ իրեն հաշված օրեր են մնացել՝ շոտլանդուհին որոշել է իրականացնել իր վերջին ցանկությունը՝ ամուսնանալ իր 42-ամյա սիրեցյալ Ջոն Հոլդի հետ:

Հեզելի ընկերները սոցցանցերում օգտատերերին կոչ են արել օգնել նրան կազմակերպել հարսանիքը: Արարողությունը պետք է կայանար հունվարի 30-ին Կորնիհիլ ամրոցում, սակայն այդ օրն առավոտյան Հեզելը մահացել է:  



© NEWS.am Medicine