Շները հոտոտել են քաղցկեղային ուռուցքը եւ փրկել իրենց տիրուհու կյանքը

22:10   4 փետրվարի, 2020

Ուելսից 65-ամյա Լինդա Մանկլին վստահ է, որ ողջ է մնացել իր շների շնորհիվ: Շները նրա մոտ հոտոտել են քաղցկեղային ուռուցքը, ինչի շնորհիվ հիվանդությունը հաջողվել է ժամանակին ախտորոշել:

Ինչպես հայտնում է Daily Star-ը, 2018 թվականի սեպտեմբերին Լինդան նկատել է, որ իր գերմանական հովվաշները՝ Բեան եւ Էնիան, սկսել են իրենց տարօրինակ պահել. նրանք հոտոտել են իրենց տիրուհու կուրծքն ու սեղմվել նրան:

«Նրանք նախկինում երբեք նման բան չեն արել, եւ դա շատ տարօրինակ էր: Դա ինձ ստիպեց մտածել, որ ինչ-որ բան այն չէ»,- պատմել է Լինդան:

Դրանից հետո կինը հետազոտվել է: Պարզվել է, որ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձեւ է, եւ ուռուցքը խոցել է լիմֆատիկ հանգույցները: Բուժումը միանգամից սկսել են:

«Երբ Բեան եւ Էնիան դադարեցին ինձ հոտոտել, ես հասկացա, որ քիմիաթերապիան հաջող է անցել, եւ քաղցկեղը հաղթահարված է»,- պատմել է նա:

Կինը վստահ է, որ շները փրկել են նրան մահից, քանի որ հենց նրանց տարօրինակ պահվածքն է կնոջը ստիպել հետազոտվել եւ քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլում:

Այժմ Լինդան ամեն 3 շաբաթը մեկ քիմիաթերապիայի կուրսեր է անցնում, որպեսզի կանխի հիվանդության կրկնությունը:    



© NEWS.am Medicine