Հայաստանում թոքերի քաղցկեղի դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 9 տոկոս, իսկ ամբողջ աշխարհում՝ 19-21 տոկոս

19:12   4 փետրվարի, 2020

Հայաստանում թոքերի քաղցկեղի դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 9-9.5%, իսկ ամբողջ աշխարհում՝ 19-21%: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդական, քիմիաթերապեւտ Հայկուհի Գյոկչյանը:

Թոքերի քաղցկեղը քաղցկեղի տեսակներից ամենաբարդն է, որի բուժման արդյունավետությունն ամբողջ աշխարհում շատ ցածր է, եւ արդյունավետությունն էլ ավելի է ընկնում, երբ հիվանդությունը հայտնաբերվում է ուշ փուլում: Եվ հենց դա է սովորաբար տեղի ունենում Հայաստանում: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում 67% դեպքերում թոքերի քաղցկեղը հայտնաբերվում է 3-4 փուլերում, երբ բուժումն արդեն քիչ արդյունավետ է:

Մասնագետը հիշեցրեց, որ թոքերի քաղցկեղը Հայաստանում տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Ծխելը այդ տեսակի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է: Չծխողների հետ համեմատ ծխողների մոտ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձր է մոտ 20 անգամ: Եվ քանի որ Հայաստանում շատ են ծխող տղամարդիկ, դրանով է բացատրվում թոքերի քաղցկեղի տարածվածությունը:

2018 թվականին Հայաստանում գրանցվել է թոքերի քաղցկեղի 1138 նոր դեպք: Ըստ վիճակագրության՝ այդ պացիենտներից միայն 109 ողջ կլինի 5 տարի անց:

Համեմատության համար՝ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 1086 նոր դեպ, եւ այդ պացիենտներից միայն 70%-ը ողջ կլինի 5 տարի անց: Մասնագետի խոսքով՝ զարգացած երկրներում կրծքագեղձի քաղցկեղի դեպքում 5 տարվա ապրելիությունը միջինում կազմում է 75%:  Հայաստանում այդ ցուցանիշը այսօր 67-68% է, թեպետ մի քանի տարի առաջ 40-45% էր: Ապրելիության ցուցանիշների մեծացումը կապված է վաղ ախտորոշման հետ: Եթե կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է 1-2 փուլերում, ապա հաջող բուժման հավանականությունը կազմում է 90%: Իսկ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել հիվանդությունը:   



© NEWS.am Medicine