Հայաստանում կորոնավիրուսի ավելի քան 20 թեստ են անցկացրել. նախարար

18:58   5 փետրվարի, 2020

Հայաստանում կորոնավիրուսի ավելի քան 20 թեստ են անցկացրել: Բոլոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ լաբորատոր թեստերի առաջին խմբաքանակը որպես նվեր ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից: Այսօր Հայաստանը կստանա նոր խմբաքանակ ԱՀԿ-ից: Քննարկվում է նաեւ Ճապոնիայից թեստերի ստացման հնարավորությունը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում այսօր անցկացվում են անհրաժեշտ բոլոր հակահամաճարակաբանական միջոցառումները ըստ միջազգային խորհուրդների: Չինաստանից ժամանած բոլոր ուղեւորներին ստուգում են օդանավակայանում: Հայաստան ժամանած բոլոր մարդկանց մեկուսացնելու անհրաժեշտություն չկա:

Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկը ցածր է, քանի որ Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթներ չկան, իսկ տրանզիտային չվերթները քիչ են, եւ բոլոր ուղեւորները ստուգվում են: Կորոնավիրուսի տարածումը կանխելուն կնպաստի նաեւ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի ժամանակավոր դադարեցումը:  



© NEWS.am Medicine