Կինը չի իմացել հղիության մասին. մինչ ծննդաբերությունը նրա մոտ դաշտան է ընթացել, եւ նա հակաբեղմնավորիչներ է ընդունել

15:18   6 փետրվարի, 2020

Անգլիայի Ուեսթ-Միդլենդս կոմսության Դադլի քաղաքից 22-ամյա Սել Գեսթը նույնիսկ չի կասկածել իր հղիության մասին. մինչ ծննդաբերությունը նրա մոտ դաշտան է ընթացել, եւ նա հակաբեղմնավորիչներ է ընդունել, իսկ որովայնը գրեթե չի մեծացել:

Ինչպես պատմում է The Sun-ը, 2017-ի սկզբին Սելը հարաբերություններ է սկսել ընկերոջ հետ, ում ճանաչում էր դպրոցական տարիքից: Մի քանի ամիս անց նրանք բաժանվել են, իսկ նույն տարվա հունիսին մահացել է նրա մայրը: Սելը ծանր է տարել մոր մահն ու սկսել է շատ խմել:

2018-ի հունվարի 26-ին Սելն արթնացել է որովայնի սուր ցավից: Կերակրելով 2 դուստրերին՝ նա նորից պառկել է: Ընկերուհին նրան խորհուրդ է տվել բժիշկի դիմել:

Ցավը սաստկացել է, եւ Սելը ստիպված է եղել շտապօգնություն կանչել: Բժիշկները հայտնել են, որ նրա մոտ ծննդաբերություն է սկսվում, սակայն Սելը վստահ է եղել, որ դա անհնար է, քանի որ ինքը հակաբեղմնավորիչներ է խմել, եւ դաշտան է ընթացել, իսկ որովայնը չի մեծացել:

Սակայն շուտով նա հասկացել է, որ իսկապես ծննդաբերում է: Նա ստիպված է եղել ծննդաբերել տանը՝ հետեւելով շտապօգնության բժիշկների խորհուրդներին:

Տուն ժամանած բժիշկները նրան եւ նորածնին տեղափոխել են հիվանդանոց: Չնայած նրան, որ հղիության ընթացքում կինն ալկոհոլ է օգտագործել, երեխան առողջ է ծնվել: Սելը որոշել է որդուն Դեննի կոչել՝ ի պատիվ իր պապիկի:   



© NEWS.am Medicine