Ինչո՞ւ է նոր կորոնավիրուսը խնայում երեխաներին

23:43   6 փետրվարի, 2020

Նոր 2019-nCoV կորոնավիրուսով վարակվել է արդեն ավելի քան 28 000 մարդ, առնվազն 565-ը մահացել է: Հետաքրքիր է, որ վարակվածների մեծ մասը մեծահասակներ են, իսկ վարակված երեխաների թիվը քիչ է: Նման պատկեր էր նկատվել SARS եւ MERS կորոնավիրուսների բռնկման ժամանակ, հաղորդում է New-York Times-ը:

Զեկույցի համաձայն, որը հրապարակվել է JAMA ամսագրում, վարակվածների միջին տարիքը կազմում է 49-56 տարեկան:

Ինչո՞ւ է նոր կորոնավիրուսը խնայում երեխաներին:

University of Hong Kong-ից վիրուսաբան Մալիկ Փեյրիսը, որը մշակել է նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստը, կարծում է, որ երեխաներն իրականում վարակվում են, սակայն նրանց մոտ հիվանդությունն ավելի թեթեւ ընթացք ունի:

Հայտնի է, օրինակ, 10-ամյա տղայի վարակման դեպքի մասին, ով Ուհան էր ժամանել իր հարազատների հետ: Նրա ընտանիքի բոլոր անդամների մոտ (36-66 տարեկան) թոքաբորբ, փորլուծություն, ջերմություն եւ կոկորդի ցավ էր սկսվել: Երեխայի մոտ ախտանշաններ չէին եղել, թեպետ նրա մոտ եւս թոքաբորբ էր հայտնաբերվել: Որոշ մասնագետներ կարծում են, որ հենց այդպես է կորոնավիրուսն ընթանում երեխաների մոտ:

Ինչպես նշում է University of New South Wales-ից համաճարակաբան Ռայնա Մաքինթիրը, երեխաների մեծ մասի մոտ վարակվելուց հետո կամ ախտանշաններ ընդհանրապես չեն լինում, կամ թեթեւ ախտանշաններ են լինում:     

Նման պատկեր էր նկատվել SARS եւ MERS կորոնավիրուսների բռնկման ժամանակ: MERS համաճարակը բռնկվել էր 2012 թվականին Սաուդյան Արաբիայում եւ 2015 թվականին Հարավային Կորեայում՝ խլելով ավելի քան 800 մարդու կյանք: Երեխաներ նույնպես վարակվել են, սակայն նրանց մոտ ախտանշանները թեթեւ են եղել, եւ հիվանդությունն ընթացել է առանց բարդությունների:

Իսկ SARS համաճարակի ժամանակ 2003 թվականին մահացել է ավելի քան 800 մարդ, նրանց մեծ մասը 45 տարեկանից բարձր է եղել, ընդ որում, մահացածների մեծ մասը տղամարդիկ են եղել: Հետաքրքիր է, որ ոչ մի երեխա չի մահացել այդ վիրուսից:

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման հարցերով կենտրոնի տվյալների համաձայն՝ SARS-ով վարակվել է ավելի քան 8000 մարդ, նրանցից 135-ը՝ երեխաներ: Հետաքրքիր է, որ 12 տարեկանից բարձր երեխաների մոտ նույն ախտանշաններ են եղել, ինչպես մեծահասակների մոտ, այն դեպքում, երբ 12 տարեկանից ցածր երեխաների մոտ հիվանդությունը թեթեւ է ընթացել:

Որոշ հիվանդություններ երեխաներն իսկապես թեթեւ են տանում, քան մեծահասակները, օրինակ՝ ջրծաղիկը: Գրիպի դեպքում պատկերն այլ է. երեխաների մոտ ավելի հաճախ են բարդություններ սկսվում, քան մեծահասակների մոտ:

Մասնագետների կարծիքով՝ մեծահասակներն ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ, քանի որ նրանց մոտ կարող են լինել այնպիսի ուղեկցող հիվանդություններ, ինչպիսիք են՝ հիպերտոնիա կամ սրտային հիվանդություններ: Բացի այդ, տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, եւ հատկապես դա նկատելի է դառնում 50 տարեկանից հետո:  



© NEWS.am Medicine