Ինչպե՞ս աչքերը պաշտպանել կորոնավիրուսից, եւ արդյո՞ք պետք է դա անել

16:13   8 փետրվարի, 2020

Ճիշտ կրելու դեպքում բժշկական դիմակները կարող են կանխել վիրուսների, այդ թվում 2019-nCoV կորոնավիրուսի ներթափանցումը քթի եւ բերանի խոռոչի մեջ: Սակայն վիրուսները կարող են մեր օրգանիզմ ներթափանցել նաեւ աչքերի միջոցով:

Նոր կորոնավիրուսը, ինչպես եւ շատ այլ վիրուսներ, տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հայտնվելով օդի մեջ, վիրուսը ներթափանցում է օրգանիզմ ցանկացած լորձաթաղանթի, ներառյալ աչքերի միջոցով: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է պաշտպանել նաեւ աչքերը հատուկ ակնոցի օգնությամբ:

Սակայն հարկ է նշել, որ աչքերի միջոցով վարակման հավանականությունը բավականին ցածր է այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ կորոնավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր: Այդ պատճառով իմաստ չկա ամեն օր հատուկ ակնոց կրել:

Express.co.uk-ի հետ զրույցում բժիշկ Ռիչարդ Դավուդը նշել է, որ հատուկ ակնոցն անհրաժեշտ է բուժաշխատողներին, սակայն մնացած բնակչությանը դրանք պետք չեն:

Ավելի վաղ աչքերի միջոցով կորոնավիրուսի տարածման մասին խոսել է Չինաստանի առաջատար բժիշկներից մեկը՝ Վանգ Գուանգֆան: Նա 2013 թվականին SARS-ի բռնկման ժամանակ վարակվել է այդ վիրուսով: Նրա խոսքով՝ վարակման պատճառ է դարձել այն, որ վարակված պացիենտների հետ աշխատանքի ժամանակ չի պաշտպանել իր աչքերը, եւ վիրուսը ներթափանցել է աչքերի միջոցով: 



© NEWS.am Medicine