Բժիշկը պացիենտներին քաղցկեղով է վախեցրել հանուն ոչ անհրաժեշտ ինտիմ հետազոտությունների

22:39   10 փետրվարի, 2020

Մեծ Բրիտանիայում աշխատող ընդհանուր պրակտիկայի բժիշկ Մանիշ Շահը իր պացիենտներին վախեցրել է իբր նրանց մոտ քաղցկեղ կա եւ համոզել է անցնել ոչ անհրաժեշտ ինտիմ հետազոտություններ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ 2009-2013 թվականներին Լոնդոնի արեւելքում գտնվող բժշկական կենտրոնում 16-ից մինչեւ 39 տարեկան 24 պացիենտներ սեռական ոտնձգության են ենթարկվել 50-ամյա բժշկի կողմից: Նա նրանց նշանակել է տարբեր անալիզներ եւ հետազոտություններ, չնայած նրանցից ոչ մեկի մոտ քաղցկեղի կասկածներ չեն եղել: Շահը պացիենտներին պատմել է Հոլիվուդի աստղերի մոտ կրծքագեղձի քաղցկեղի օրինակների մասին, որ իր մտացածին ախտորոշումները ավելի համոզիչ հնչեն:

Բժիշկն առանց որեւէ բժշկական ցուցումի շոշափել է կանանց կուրծքը, ընդ որում՝ նա ձեռնոց չի հագել: Պացիենտներից մեկին նա ստիպել է հետազոտության համար ամբողջությամբ հանվել: Դրանից բացի, ըստ հայդլայնների՝ ինտիմ հետազոտությունների ժամանակ կաբինետում պետք է ներկա լինի երրորդ անձ (օգնականը, բուժքույրը կամ պացիենտի ազգականը), սակայն Շահը մշտապես պացիենտի հետ մենակ է մնացել:

Անցյալ տարվա աշնանը Շահին մեղավոր են ճանաչել 6 կանանց նկատմամբ սեռական հիմքով 25 հանցագործության կատարման մեջ: Նա դատապարտվել է նաեւ 2018 թվականին 18 այլ կանանց հետ կապված հանցագործությունների համար: Հիմա բժշկին սպառնում է 15 տարվա բանտարկությունից ոչ պակաս, քննությունը շարունակվում է:

Լուսանկարը՝ The Guardian



© NEWS.am Medicine