Ծխախոտ եւ ավելի փոքր չարիք. Ծխախոտային լոբբին փորձում է խոչընդոտել Հայաստանում հակածխախոտային օրենքի ընդունմանը

19:27   11 փետրվարի, 2020

Վաղը՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում քննարկելու են հակածխախոտային օրինագիծը, որն ընդունելուց հետո երկրում մի շարք սահմանափակումներ կմտցվեն, որոնք բխում են ինչպես իրենց՝ ծխողների, այնպես էլ չծխողների շահերից. այսպես՝ ծխելը կարգելվի հանրային վայրերում (ճիշտ է, արգելքը միանգամից ուժի մեջ չի մտնի, այլ միայն 2 տարի հետո), ինչը քաղաքացիներին կպաշտպանի ծխախոտի ծխի ազդեցությունից, կարգելվի ծխախոտային արտադրանքի ցուցադրումը եւ ցանկացած տեսքով դրա գովազդումը, որ ծխախոտը չգրավի երիտասարդների հայացքները:

Օրինագիծը, որը պատրաստվում են Հայաստանում ընդունել, միջազգային փորձագետները գնահատել են որպես աշխարհում ամենաառաջադեմներից մեկը, քանի որ այն ստեղծված է մյուս երկրների փորձը եւ սխալները հաշվի առնելով: Սակայն ծխախոտային լոբբիի ներկայացուցիչները փորձում են հնարավոր ամեն ինչ անել այս օրինագիծը վարկաբեկելու համար, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը, որը մասնակցել է նոր օրինագծի մշակմանը:

«Սիրելի» փաստարկներ

Մասնագետի խոսքով՝ օրինագծի վարկաբեկման նպատակով ծխախոտային լոբբին օգտագործում է իր «սիրելի» փաստարկները՝ այն նույն, որոնք հնչել են արդեն տասնյակ այլ երկրներում. հանրային վայրերում ծխելու արգելքը կհանգեցնի նրան, որ մարդիկ կդադարեն ռեստորաններ հաճախել, բիզնեսը կբախվի լուրջ խնդիրների, գյուղատնտեսությունը կկործանվի, կառաջանան պետական բյուջեի հետ կապված խնդիրներ եւ այլն:

Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ այս բոլոր փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում:

«Հայաստանն ամենեւին առաջին երկիրը չէ, որը պատրաստվում է հակածխախոտային օրենք ընդունել: ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում վաղուց արդեն այսպիսի պրենքներ ընդունել են ու ոչ մի «ծանր» հետեւանք չեն զգացել», - ասաց մասնագետը:

Մյուս երկրների փորձը ցույց է տվել, որ հանրային վայրերում ծխելու արգելքը մտցնելուց հետո մարդիկ չեն դադարում հաճախել սրճարաններ ու ռեստորաններ, նույնիսկ հակառակը՝ չծխողները սկսում են ավելի հաճախ այցելել այդպիսի հաստատություններ: Դա արդեն այսօր էլ կարելի է նկատել նաեւ Հայաստանում. չծխողների համար ռեստորաններում եւ սրճարաններում այցելուների թիվն ամենեւին պակաս չէ, քան այնտեղ, որտեղ դեռեւս կարելի է ծխել: Վերջիվերջո, մարդիկ ռեստորաններ են գնում ամենեւին ոչ այն բանի համար, որ այնտեղ ծխեն:

Թութուն աճեցնող մարդիկ նույնպես հազիվ թե բախվեն լուրջ խնդիրների. նույնիսկ եթե ծխախոտի պահանջարկի նվազման պատճառով արտադրողները սկսեն ավելի քիչ թութուն գնել, գյուղացիները միշտ կարող են իրենց հողի վրա որեւէ այլ բան աճեցնել: Ավելին՝ գրագետ մոտեցման դեպքում նրանք կարող են անցնել այնպիսի մշակաբույսերի, որոնք նրանց ավելի շատ եկամուևտներ կբերեն, քան թութունը:

«Մեզ ամբողջ ժամանակ փորձում են պարտադրել այն միտքը, որ եթե դաշտերում թութուն չցանեն, բոլորը սովից կմահանան: Այս ամենը զոմբի-փաստարկներ են, դրանք այլ կերպ չես անվանի»,- ասաց մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ հակածխախոտային օրենքի ընդունման հետեւանքով բացասական հետեւաներ կլինեն միայն ծխախոտային արդյունաբերության համար. ծխողների թվի նվազմանը զուգահեռ՝ նվազում են նրանց արտադրանքի վաճառքի ծավալները: Բայց դա էլ տեղի չի ունենում միանգամից, այլ աստիճանաբար, ինչը կարող է արտադրողներին հնարավորություն տալ հարմարվել իրավիճակին կամ նույնիսկ վերաորակավորվել:

«Ծխելուց հրաժարվելը, առողջ կենսակերպը համաշխարհային միտում է, որն անհնար է կասեցնել: Այս միտումը հիմա Արեւմուտքից Արեւելք է գնում, եւ մենք չպետք է հետ մնանք», - ընդգծեց փորձագետը:

Ինչու են աղմկում պատգամավորները

Հետաքրքիր է, որ ավելի քան տասնյակ պատգամավորներ այս հարցով լսումների ժամանակ ակտիվորեն հանդես էին գալիս ծխախոտի ցուցադրման արգելք մտցնելու դեմ՝ մասնավորապես, եւ օրենքի նախագծի դեմ՝ ընդհանրապես։

«Անցյալ անգամ «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավորները ամբողջ ուժով հանդես էին գալես այս օրենսդրական նախագծի դեմ։ Ստեղծվում է տպավորություն, որ նրանք լոբբինգ են անում ծխախոտային ինդուստրիայի շահերը, որը, հնարավոր է, նրանց վրա որոշակի ազդեցություն ունի, այլապես տեղի ունեցողը պարզապես անբացատրելի է։ Հնարավոր է, որ նույն պատգամավորները այս անգամ եւս կտրուկ հանդես գան օրենքի նախագծի դեմ։ Հնարավոր է, նրանք նույնիսկ փորձեն խափանել դրա քննարկումը։ Եթե նման բան տեղի ունենա, դա արդեն բացարձակ ստույգ կվկայի այն մասին, որ նրանք ոչ թե հետաքրքրված են, որ ծխախոտային արտադրությունը չտուժի, այլ որ նրանք ինչ-որ պարտավորություններ ունեն ծխախոտային ինդուստրիայի հանդեպ։ Նրանք կարող են վարկաբեկել իրենց եւ լրջորեն փչացնել իրենց վարկանիշը քաղաքական ասպարեզում»,- ասաց մասնագետը։

Դոկտոր Դավիթի խոսքերով՝ բնակչության առողջությունը ավելի կարեւոր է, քան ծխախոտ արտադրողների բիզնես-շահերը, եւ պատգամավորները նույնպես պետք է դա լավ հիշեն։

Չարյաց փոքրագո՞ւյն

«Չարիքը չարիք է, մեծ, փոքր, միջին՝ ի՞նչ տարբերություն», - ասում եր Գերալտը՝ Անջեյ Սապկովսկու գրքերից։ Բոլորովին վերջերս դուրս եկած հեռուստասերիալի շնորհիվ այս արտահայտությունն այսօր շատերին է ծանոթ։

Էլեկտրոնային ծխախոտներ արտադրողները վստահեցնում են, որ իրենց արտադրանքն ավելի քիչ վնասակար է, քան սովորական ծխախոտները, այդ պատճառով նոր օրենքով նախատեսված սահմանափակումները չպետք է իրենց վրա տարածվեն։ Սակայն ինչպես ընդգծեց դոկտոր Դավիթը, «ավելի փոքր վնաս» հասկացություն գոյություն չունի, ինչպես գոյություն չունի «ավելի փոքր չարիք» հասկացություն՝ վնասը վնաս է։

«Ի՞նչ է նշանակում ավելի վնասակար, եթե խոսքը հիվանդացության եւ վաղաժամ մահվան մասին է։ Նրանք, ինչէ, ուզում են ասել, որ եթե մարդը հիվանդանա եւ մահանա 10 տարի շուտ, դա իհարկե, վատ է, սակայն 5 տարի շուտ՝ ամեն ինչ նորմա՞լ է։ Չկա այդպիսի հասկացություն՝ ավելի քիչ վնասակար, ցանկացած ծխախոտ վնասակար է, ցանկացած, ե՛ւ սովորականը, ե՛ւ էլեկտրոնայինը հանգեցնում են հիվանդությունների զարգացման եւ վաղաժամ մահվան», - ասաց մասնագետը։

Նա հիշեցրեց, որ շատ հետազոտություններ արդեն ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտը բոլորովին էլ անվտանգ չէ, ինչպես այն փորձում են ներկայացնել արտադրողները։ Ավելին, ԱՄՆ-ում գրանցել են վեյպեր ծխողների թոքերի հիվանդության եւ մահերի հանելուկային շարք։

Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ 2020թ․ հոււնվարի 21-ի դրությամբ հոսպիտալացվել են 2711 վեյպերներ։ Տեղեկացվում է նրանց թոքերը ախտահարած հանելուկային հիվանդության հետեւանքով 60 հաստատված մահվան դեպքերի մասին։

Այսպիսի տվյալների լույսի ներքո խոսել էլեկտրոնային ծխախոտի ավելի քիչ վնասի մասին, ըստ մասնագետների, մի քիչ տարօրինակ է։

Էլեկտրոնային ծխախոտներ արտադրողների սիրելի փաստարկն այն է, որ այլ երկրներում հակածխախոտային օրենքի սահմանափակումները նրանց վրա չեն տարածվում, ինչու՞ Հայաստանում պետք է այլ կերպ լինի։

«Ամբողջ հարցն այն է, որ այլ երկրները օրենքը մեզնից շատ առաջ են ընդունել։ Այն ժամանակ էլեկտրոնային ծխախոտներ դեռեւս չկային, այնպես որ դա բնական է, որ նրանց օրենքները չեն տարածվում այդ արտադրանքի վրա։ ԱՌԱՅԺՄ չեն տարածվում։ Չէ՞ որ այժմ շատ երկրներում փոփոխություններ են կատարվում հակածխախոտային օրենքներում, որպեսզի բոլոր սահմանափակումները տարածվեն նաեւ էլեկտրոնային արտադրանքի վրա», - ասաց մասնագետը։

Նրա խոսքերով՝ այժմ կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, որպեսզի պարզեն էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների թոքերի վնասվածքների զարգացման մեխանիզմը եւ որպեսզի հասկանան այդ արտադրանքի բոլոր վտանգները։

«Մենք պետք է հաշվի առնենք այլ երկրների սխալներն ու փորձը եւ ընդունենք օրենք, որում բոլոր սահմանափակումները տարածվում են եւ սովորական ծխախոտների եւ վեյպերի վրա։ Մենք չպետք է նստենք ու սպասենք մինչեւ Հայաստանում էլ գրանցվեն վեյպեր ծխողների թոքերի հիվանդություններ եւ մահեր, որպեսզի հետո սկսենք օրենքում փոփոխություններ կատարել», - ասաց Դավիթ Պետրոսյանը։



© NEWS.am Medicine