ՍՇՎ կասկածով 1032 երեխա դպրոցից տուն է ուղարկվել. նախարար

18:17   12 փետրվարի, 2020

Այսօր՝ փետրվարի 12-ին, ՍՇՎ կասկածով 1032 երեխա դպրոցից տուն է ուղարկվել: Դպրոցների մեծ մասում գործում է այսպես կոչված համաճարակաբանական ֆիլտր. երեխաներին ստուգում է մասնագետը եւ գրիպի կամ ՍՇՎ-ի կասկածի դեպքում ուղարկում տուն: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ աշակերտների 5,8%-ն բացակայում է դասերից ՍՇՎ-ի պատճառով: Սակայն իրականում որոշ երեխաներ չեն հաճախում դպրոց, քանի որ վախենում են վարակվել: Կան դասարաններ, որտեղ բացակայում է աշակերտների 50-70%-ը, սակայն նրանցից մեծ մասը առողջ է: Սակայն նրանց ոչինչ չի սպառնա, եթե դպրոց չհաճախեն հիվանդացած երեխաները՝ նշեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ մասնագետներն ամեն օր վերլուծում են ՍՇՎ հիվանդացության վիճակագրություն եւ որոշում՝ արդյոք անհրաժեշտություն կա փակելու դպրոցները: Այս պահին, մասնագետների խոսքով, նման անհրաժեշտություն չկա:

Նախարարն աշակերտներին կոչ արեց չբացակայել դասերից, եթե առողջական խնդիր չկա, եւ չլսել ոչ մասնագետներին, որոնք դասերը բոյկոտելու կոչ են անում:

Ընդհանուր առմամբ, նախարարի խոսքով, գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացությունը համապատասխանում է սեզոնին: Ավելին, վերջին օրերին պոլիկլինիկաներ դիմելությունն նվազել է 1,1 անգամ: 



© NEWS.am Medicine