«Ի՞նչ է նշանակում խոսել փողի մասին, այն հակակշռելով առողջությանը»․ Արման Եղոյանը՝ հակածխախոտային օրինագծի մասին

13:57   13 փետրվարի, 2020

Կյանքեր փրկելու կոնտեքստում փողի մասին խոսակցությունները անհասլկանալի են։ Նման կարծիք արտահայտեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն՝ անդրադառնալով բազմիցս հնչած այն դիտարկմանը, թե հակածխախոտային օրենքի ընդունման դեպքում պետք է հաշվի առնել ծխախոտ արտադրող ընկերությունների հնարավոր վնասները։

«Ի՞նչ է նշանակում խոսել փողի մասին, այն հակակշռելով առողջությանը։ Երբ մեր հարազատները, բարեկամները հիվանդանում են, մենք մտածո՞ւմ ենք փողի մասին, տնտեսական շահավետության մասին, չենք անում, չէ՞։ Մեզնից ո՞ր մեկը կվաճառի իր երիկամը, որ գնի ավտոմեքենա, ինչո՞ւ մենք դա պետք է անենք պետության մասշտաբով, այսինքն՝ վաճառենք քաղաքացիների առողջությունը, որ գնենք ինչ-որ նյութական բարիքներ, դա անտրամանաբանական է, այդպես չի լինում ուղղակի։

Հիմա եթե հարցը դիտարկում ենք շահերի բալանսավորման տեսանկյունից, շահերի բալանսավորում հնարավոր չէ, քիչ ծխողներ, նշանակում է ավելի քիչ եկամուտ եւ ծահույթ ծխախոտ արտադրողների համար, այստեղ բալանսավորում չկա, ուղիղ համեմատական է։ Հիմա եթե այս օրինագիծը քչացնելու է ծխողների քանակը, եւ ծխած գլանակների կամ Iqos-ների քանակը, հետեւաբար իրենց շահույթն էլ է քչանալու։ Սա անմիջական հետեւանքն է, որ լինելու է, ու սրանից պետք չէ վախենալ, որովհետեւ փրկվելու են մարդկային կյանքեր։

Օրինագծեր քննարկելիս միշտ այդ հարցը հնչում է, բա ո՞նց եք հետեւելու, որ դա իրականացվի։ Օրինակ օրենքով արգելված է փողոցում բաց շշով ալկոհոլ խմելը, ո՞նց ենք հետեւում, հիմա չկա՞ բաց շշով ալկոհոլ խմող մարդ, բայց դա նորմ է, քաղաքակրթական նորմ է, Հայաստանը մի երկիր է, որտեղ փողոցում գարեջուրը խմելով քայլելը արգելված է, այլ հարց է, որ մի տեղ ոստիկանը կնկատի, մի տեղ չի նկատի, մի տեղ կտուգանի, մի տեղ չի տուգանի, բայց դրանով որոշվում է Հայաստանի քաղաքակրթական տեղը», - իր ելույթում նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ միանշանակ կողմ է քվեարկելու նախագծին։

«Հայաստանում ամեն երկրորդ տղամարդը ծխում է, մենք այս ցուցանիշով վատագույններից ենք աշխարհում ու սա պետք է կանգնեցվի։ Վնաս չկա սրանից, վնաս կրելու են միայն ծխախոտ արտադրող ընկերությունները, եւ սա է տրամաբանական հետեւանքը»։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ ինքը ևս ասում է, որ ծխելը վատ բան է, սակայն պետք է հասկանալ՝ այդ օրինագծով խնդիրը լուծում են, թե ոչ, ինչ են շահում և ինչ կորցնում, ինչքանով է արդյունավետ վարչարարությունը, ինչքանով է այն հնարավոր լինելու իրականացնել:

«Առողջ մարդն է տնտեսության մեջ մեծ արժեք ստեղծում, բայց առողջ մարդիկ լինում են միայն հարուստ երկրներում: Աղքատ երկրներում առողջ մարդիկ չեն լինում: Իսկ այդ հարստությունը ստեղծում են տնտեսավարողները: Իսկ եթե խոսում եք փողն ու առողջությունը հակադրելու մասին, ասեմ, որ ծխախոտային ինդուստրիան 2019-ին ավելի քան 120 մլրդ դրամի հարկեր է վճարել», - ասաց պատգամավորն ու հավելեց՝ պետք է առողջ, հավասարակշռված մոտեցում գտնել:

Նա շեշտեց, որ շատ բովանդակային քննարկումներ են եղել, սակայն չեն ուզում՝ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին:

«Եթե մենք մի քիչ ավելի կոշտ լինեինք, հավատացած եղեք, այնքան հիմնավոր փաստարկներ կբերեինք, որ նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացության կարժանանար: Մենք դրական եզրակացություն տվել ենք այն բանի համար, որ չենք ուզում այս նախագիծը տապալվի, չենք ուզում, որ տնտեսական շահերը գերակայեն առողջապահական շահերին», - ասաց պատգամավորն ու նկատեց՝ շտկելու բաներ նախագծում միանշանակ կան:

Եթե նախագիծն ուժի մեջ մտնի, Թունյանը նշեց, որ միգուցե բոլոր խնդրահարույց դրույթների վերաբերյալ հանդես գա լրացուցիչ փոփոխությունների առաջարկներով:

«Եթե որևէ մեկը մեզ մեղադրելու է առողջությունը վնասելու, ծխախոտային ինդուստրիայի շահերը պաշտպանելու մեջ, ի սկզբանե ասեմ, որ այդ մեղադրանքներն անհիմն են», - հավելեց Թունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:



© NEWS.am Medicine