Բժշկի ավտոտնակում ավելի քան 2400 էմբրիոնների մնացորդներ են հայտնաբերվել

19:30   13 փետրվարի, 2020

ԱՄՆ Իլինոյս նահանգի ՈՒիլլ շրջանում բժիշկ Ուլրիխ Կլոպֆերի ավտոտնակում ավելի քան 2400 էմբրիոնների մնացորդներ են հայտնաբերվել:

CNN-ի հաղորդմամբ՝ դրանց մի մասը հայտնաբերվել է ավտոտնակում, մի մասը՝ բժշկի մեքենայում: Ոստիկանները դեռ ապացույցներ չեն գտել, որ նա աբորտներ է արել հենց տանը: Քննիչների խոսքով՝ մնացորդները պահպանվել են աբորտներից հետո, որոնք արվել են 2000-2003 թվականներին:

«Այսօր մենք վերջապես կհուղարկավորենք 2411 չծնված երեխաներին: Նրանք ավելիին են արժանի, քան սառը, մութ ավտոտնակը»,- ասել է գլխավոր դատախազը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բժիշկը 3 կլինիկա ուներ Ինդիանա նահանգում, իսկ 2015 թվականին նրան զրկել են լիցենզիայից: Նա մահացել է 2019-ի սեպտեմբերին: Երբ նրա ընտանիքը հավաքել է նրա իրերը, հայտնաբերել է էմբրիոնները պլաստիկե տարրաներում:

Հայտնաբերվել են նաեւ կլինիկաների փաստաթղթերը, որոնցում ասվում է, որ տղամարդը չի հետեւել նահանգի օրենքներին՝ կապված էմբրիոնների հուղարկավորության հետ:



© NEWS.am Medicine