Կինը մահացող որդու բուժման համար 260 հազար դոլար է հավաքել եւ տանուլ տվել բուքմեյքերական կայքերում (ֆոտո)

15:54   14 փետրվարի, 2020

Անգլիական Լիդս քաղաքից (Յորքշիր կոմսություն) բուժքույր Սթեյսի Ուորսլին, քաղցկեղից մահացող որդու բուժման համար 200 հազար ֆունտ (մոտ 260 հազար դոլար) նվիրատվություն էր հավաքել: Նա այս գումարի կեսը տանուլ էր տվել բուքմեյքերական կայքերում:

The Mirror պարբերականը հայտնում է, որ Սթեյսիի որդին՝ 6-ամյա Թոբի Նայը, հիվանդ էր նեյրոբլաստոմայով: Այս հիվանդության բուժումը չի մտնում պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի մեջ, ուստի բուժքույրը վճարովի բուժման համար դրամահավաք էր կազմակերպել:

2017 թվականի ձմռանը նրան հաջողվել էր 3 ամսում հավաքել 200 հազար ֆունտ: Դրամահավաքին մասնակցել էին «Լիդս Յունայթեդ» տեղական ֆուտբոլային ակումբի խաղացողները եւ թիմի ֆանատները, երկու մահացու հիվանդ աղջիկների մայրերը, որոնք Թոբիի հետ միասին էին բուժում ստանում, դպրոցը, որտեղ տղան սովորել է եւ այլ շատերը:

2017 թվականի եւ 2018 թվականի մարտի միջակայքում Սթեյսին բուքմեյքերական կայքերում տանուլ է տվել հավաքած միջոցներից 100 հազար ֆունտ (մոտ 130 հազար դոլար): Այդ ժամանակ Թոբին դեռեւս ողջ էր, բայց ավելի ուշ տղան մահացել է:

2019 թվականի ամռանը Լիդսի Թագավորական դատարանը Ուորսլիին դատապարտել է 2 տարվա պայմանական բանտարկության:

Սթեյսիի գործը քննել է նաեւ Քույրական գործի եւ մանկաբարձության հարցերով խորհրդի տրիբունալը: Նրան թույլատրել են աշխատանքը պահպանել՝ պաշտոնական պարտականությունների կատարումից զրկելով միայն 12 ամսով: Նա Խորհրդի ներկայացուցիչներին պարզաբանել է, որ ազարտային խաղերով է տարվել հուսահատությունից եւ անսովոր ու ողբերգական հանգամանքների բերումով:

Տրիբունալում նշել են, որ Սթեյսին անկեղծորեն եւ խորապես զղջում է եւ որոշել են, որ նրա համար բուժքույր աշխատելու արգելքը չափազանց խիստ պատիժ կիներ:

 



© NEWS.am Medicine