Որդու ծնված օրը հայ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել․ Հիմա նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից (ֆոտո)

13:23   14 փետրվարի, 2020

2019 թվականի դեկտեմբերի 24-ին լույս 25-ի գիշերը Շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից  Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ: 

Պարզվել է, որ նույն օրը տղամարդը որդի է ունեցել, առիթը նշել են ընկերների հետ: Այնուհետև նա բավական գինովցած վիճակում դուրս է եկել և 4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է: Նրան այդ վիճակում մի վարորդ է հայտնաբերել ու Շտապօգնություն կանչել:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տղամարդը տեղափոխվել է արհեստական շնչառության ապարատով, ծայրահեղ ծանր վիճակում: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են առաջին հայացքից կյանքի հետ անհամատեղելի բազում կոտրվածքներ, գանգի վնասվածքներ, գլխուղեղի արյունազեղում:

Նա համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո գիտակցության է եկել հունվարի 6-ին, իսկ ինքնուրույն սկսել է շնչել փետրվարի 1-ից:

«Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին կյանքս փրկելու համար, որդիս արդեն երկու ամսական է դառնում, բայց դեռ չեմ տեսել, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլիներ, եթե մնայի այդ ձորակում ընկած, շնորհակալություն նաև այն անհայտ վարորդին, ով գտել է ինձ ուշքս գնացած ու օգնել», - նշում է տղամարդը:

Հիմա տղամարդու ինքնազգացողությունը լավ է, նա արդեն դուրս է գրվել: Ինչպես նշում է Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը` տղամարդը դուրս գրման պահին արդեն կարողանում էր շարժել վերին և ստորին վերջույթները, չուներ շարժողական դեֆիցիտ:



© NEWS.am Medicine