Հանրապետական անձավաբուժական կենտրոնը պետպատվեր չստանալու հետեւանքով խնդիրների առաջ է կանգնել

16:10   14 փետրվարի, 2020

Ավանի աղի կոմբինատում տեղակայված Հանրապետական անձավաբուժական կենտրոնը այս տարի պետության կողմից ֆինանսավորում չի ստացել, ինչի հետեւանքով լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Ըստ կենտրոնի տնօրեն, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանի, ֆինանսավորման բացակայության պարագայում ստիպված են կենտրոնը վաճառել որեւէ գործարարի․

«Այսօր, ցավոք, ամեն ինչ դրվում է բիզնեսի հիմքի վրա, եւ բժշկությունը նույնպես ուզում են մտցնել բիզնեսի մեջ։ Ստիպված ենք լինելու հանքի առողջարանը վաճառել, եւ ինչ-որ բիզնեսմեն գնի, իսկ ոչ մի բիզնեսմեն չի բուժի հիվանդ, նա բիզնես է անելու», - նշեց Անդրանիկ Ոսկանյանը։

Կենտրոնը գործում է 1987թ․-ից, այնտեղ տարեկան բուժում են ստանում հիմնականում բրոնխիալ ասթմայով և ալերգիայով տառապող մոտ 200 հիվանդներ: Կենտրոնը կառուցվել է պետության միջոցներով ու ամեն տարի ստացել ֆինանսավորում՝ պետպատվերով բուժում ստացող հիվանդների համար։

«Ամեն տարի այս սեզոնին սուր ռեսպերատոր հիվանդությւոնների բռնկում է տեղի ունենում, որի պատճառը հիմնականում վիրուսներն են։ Վիրուսները շատ-շատ են, ամեն տարի հայտնվում են դրանց ձեւափոխված տարբերակները, այս տարի ունենք H1N1-ի դեպքեր, որը կարող է բերել բարդացումների։ Սուր ռեսպերատոր վիրուսային հիվանդությունները այն գործոնն են, որոնք հանդիսանում են խրոնիկ հիվանդությունների սրման, ինչպիսիք են բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները»։

Աշխարհում բրոնխիալ ասթմայով տառապում են 235 մլն մարդ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններով՝ 64 միլիոնը։ Թոքաբանի խոսքով՝ մենք հնարավորություն ունենք կանխարգելելու այս հիվանդությունների սրացումը։

«Կանխարգելելու առաջին տարբերակը մարդու առողջ ապրելակերպն է, վնասակար սովորություններից հրաժարվելը, բացի դրանից, ունենք անձավաբուժական պրոցեդուրան՝ ապելեոթերապիա, որը կայունացնում է մարդու իմունային համակարգը։ Սրա շնորժհիվ հնարավոր է խուսափել հիվանդությունների սրացումից։ Մինչ այս մենք ունեինք պետպատվեր ու բուժում էինք իրականացնում։ Իսկ հիմա, գիտենք, մենք հայերս չենք գնա փող ծախսենք նախապես, որպեսզի ինչ-որ բան չառաջանա»։

Անդրանիկ Ոսկանյանը ներկայացրեց, թե ինչ արդյունքներ է ունեցել անձավաբուժության կենտրոնը՝ ստանալով պետության աջակցությունը։

«Այն կանայք, որոնք ունեն բրոնխիալ ասթմա, անցել են այդ պրոցեդուրան հղի ժամանակ, կամ հղիությունից առաջ, ունեցել ենք այդպիսի 30 այցելու, երեխաներից ոչ մեկը ասթմայով կամ ալերգոզով չի եղել։ Իսկ այդ պրոցեդուրան անցած երեխաների 80-90 տոկոսը ազատվում են այդ հիվանդության հետեւանքներից։ Երբ մեր կենտրոնը սկսեց գործել, հիվանդանոցների իմ կոլեգաները ինձ բողոքում էին, որ սուր, ծանր ասթմայով հիվանդները չեն գալիս, այսինքն սրացման անկում կա, իսկ 15-20 տարի առաջ մենք կտեսնեինք հիվանդներ՝ սրացումներով», - նշեց թոքաբանը։



© NEWS.am Medicine