Ինչո՞ւ չի կարելի եղունգները կրծել. Աղջիկը պատմել է իր սարսափելի փորձի մասին

18:00   15 փետրվարի, 2020

ԱՄՆ Տեխաս նահանգից 18-ամյա Լորեն Նիկոլսը TikTok պլատֆորմում պատմել է այն մասին, որ ձեռքի մատների եղունգները կրծելու սովորությունը կարող էր բերել մատի անդամահատմանը:

Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, եղունգները կրծելու սովորության պատճառով նա հիվանդացել է վտանգավոր ինֆեկցիայով՝ պարոնիխիայով:

«Թանկագին եղունգներ կրծելու սիրահարներ, դադարեք դա անել: Ես քիչ էր մնում այդ պատճառով մատիս ծայրից զրկվեի»,- ասել է նա տեսաուղերձում:

Վախեցնող պատմությունը արագորեն վիրուսային է դարձել եւ գրավել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը:

Աղջկա խոսքով՝ հունվարի 8-ին մատի կուտիկուլի (պրոքսիմալ մահիկ) վրա նկատել է կանաչ բիծ՝ այն ընդունելով որպես ոչ մեծ կապտուկ: Աղջիկը որոշել է համացանցում տեղեկություն փնտրել եղունգամերձ թմբիկի շրջանում կապտուկի մասին եւ պարզել է, որ իր մոտ կարող էր զարգանալ պարոնիխիա: Նա հաջորդ օրը դիմել է բժշկի, որը նրան հակաբիոտիկներ է նշանակել:

Նիկոլսը, սակայն, հունվարի 10-ին հասկացել է, որ բուժումը չի օգնում, իսկ մատը սկսել է թարախակալվել ավելի ուժգին: Հունվարի 13-ին բորբոքված հատվածը մեծացել է ու դարձել վառ կարմիր: Ամերիկուհին կրկին հերթագրվել է բժշկի մոտ ընդունելության:

«Այդ ժամանակ ինձ ասացին, որ անհրաժեշտ է վիրահատություն կատարել: Եղունգները կրծելու սովորության պատճառով քիչ էր մնում մատս անդամահատեին»,- պատմել է նա:



© NEWS.am Medicine