Չինական Հուբեյ նահանգում արգելքներ են սահմանել հետիոտնի եւ տրանսպորտի երթեւեկության համար

15:49   17 փետրվարի, 2020

Չինաստանի Հուբեյ նահանգում հերթական անգամ սահմանափակումներ են սահմանվել` կորոնավիրուսի տարածման կանխման նպատակով: Իշխանությունները հրամանագիր են ստորագրել` հետիոտնի եւ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելելու մասին:

«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով` կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն համարվող նահանգի բնակիչներին կարգադրվել է տանը մնալ: Բացառություն են կազմում միայն բժիշկներ եւ կենսագործունեության ապահովման համար կարեւոր դեր խաղացող կազմակերպությունների աշխատակիցները: Սակայն նույնիսկ վերջիններիս համար հատուկ երթուղիներ են մշակվել, որոնցից շեղվել չի կարելի:

Ճանապարհներին կարող են հայտնվել միայն հատուկ թույլտվություն ունեցող ավտոմեքենաները, որոնք տրվում են կամ արտակարգ իրավիճակների ծառայության կամ առաջին անհրաժեշտության իրեր մատակարարող ավտոմեքենաներին: Արգելքի խախտման դեպքում նախատեսվում է պատիժ` մինչեւ 10 օր կալանքի, դրամական տուգանքի եւ վարորդական իրավունքի վկայականից զրկման տեսքով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բռնկումը սկսվել է չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Այս պահին հենց այս նահանգում են վարակվածների եւ մահացածների մեծ մասը:



© NEWS.am Medicine