Չինաստանում բժշկական դիմակների նոր գործարան կկառուցվի

20:32   17 փետրվարի, 2020

Պեկինում նախատեսվում է նոր գործարան կառուցել բժշկական դիմակների արտադրության համար: Սա կօգնի լուծել դրանց պակասի խնդիրը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Տեղական China Construction First Group ընկերությունը հայտնել է 6 օրվա ընթացքում արտադրությունը հիմնելու իր մտադրության մասին: Գործարանում նախատեսում է օրական մոտ 250 000 դիմակ արտադրել:

Կորոնավիրուսի տարածման պատճառով բժշկական դիմակների դեֆիցիտը կանխատեսվել էր դեռ հունվարի վերջին, ընդ որում, ոչ միայն Չինաստանում, այլեւ` ամբողջ աշխարհում: Շատ երկրներում այդ դեֆիցիտն արդեն նկատելի է. նույնիսկ Հայաստանում շատ դեղատներում դիմակները վաղուց վերջացել են, պահեստներում դրանք նույնպես չկան: Amazon եւ Alibaba առցանց հարթակներում դիմակներ վաճառող խանութները եւս նշել են, որ իրենց մոտ ապրանքը վերջանում է:

Նոր գործարանի կառուցումը սկսվել է այսօր, իսկ մինչեւ շաբաթ օրն ավարտելու համար շինարարության վրա աշխատում են շուրջօրյա, մի քանի հերթափոխով: Աշխատողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար շինարարական ընկերությունն ամեն օր չափում է բոլոր աշխատակիցների ջերմությունը եւ առանձին սենյակներ է հատկացնում նրանց համար, ում մոտ հանկարծ հիվանդության ախտանիշներ են հայտնվել:



© NEWS.am Medicine