Կարո՞ղ է արդյոք թռիչքների արգելքը պաշտպանել համաճարակի տարածումից

23:36   17 փետրվարի, 2020

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար շատ երկրներ դադարեցրել կամ զգալիորեն սահմանափակել են տրանսպորտային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Բայց արդյո՞ք դա իսկապես կարող է օգնել համաճարակի դեմ պայքարում: Իրականում մենք շատ քիչ բան գիտենք այն մասին` արդյունավետ է այդ միջոցը, թե ոչ, նշվում է Journal of Emergency Management-ում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

«Որոշ ապացույցներ կան, որ ուղեւորությունների արգելքը մի քանի օրով կամ շաբաթով կարող է հետաձգել վարակի ներթափանցումը երկիր: Բայց շատ քիչ ապացույցներ կան, որ նման սահմանափակումները երկար ժամանակով կարող են կանխել վարակի տարածումը»,- ասում է նոր ուսումնասիրության համահեղինակ` Վաշինգտոնի համալսարանի գիտնական Նիկոլ Էրեթը:

Մասնագետները վերլուծել են բազմաթիվ ուսումնասիրությունների տվյալները` հասկանալու համար, թե որքանով են իրականում արդյունավետ թռիչքների արգելքները Զիկա վիրուսի, էբելավիրուսի, կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար (հաշվի են առնվել սուր շնչառական համախտանիշի եւ մերձարեւելյան շնչառական համախտանիշի բռնկումների վերաբերյալ տվյալները): Գրիպի վիրուսների վերաբերյալ հետազոտությունները չեն դիտարկվել. այդ վիրուսների համար այս միջոցը վաղուց արդեն անարդյունավետ է ճանաչվել:

Գիտնականներն ընդամենը 6 ուսումնասիրություն են գտել, որոնք գնահատում են ճանապարհորդությունների արգելքի երկարաժամկետ ազդեցությունը: Սակայն դրանք բոլորը հիմնված են ոչ թե կանխարգելիչ միջոցառումների իրական արդյունքների, այլ իրավիճակների մոդելավորման վրա: Սա նշանակում է, որ մենք այսօր ճշգրիտ եւ գիտական տվյալներ չունենք դրա վերաբերյալ եւ մեզ անհապաղ անհրաժեշտ են նման տվյալներ, ընդգծում են մասնագետները:



© NEWS.am Medicine