Հայաստանում էպիլեպսիայի հետ կապված շատ կարծրատիպեր կան, ֆինանսավորում գտնելն էլ դժվար է․ ՀԿ-ի նախագահ

21:50   17 փետրվարի, 2020

Հայաստանում էպիլեպսիայով հիվանդ շուրջ 5000 երեխա է գրանցված, իսկ չհաշվառված դեպքերն ինչքան են՝ դժվար է ասել։ Աշխարհում 70 մլն մարդ այս հիվանդությունն ունի, այսինքն՝ բնակչության մեկ տոկոսը։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Կյանքի ճանապարհ» ՀԿ-ի նախագահ Ելենա Բաղդասարյանը։

Վերջինիս խոսքով էպիլեպսիայի հետ կապված Հայաստանում բազմաթիվ կարծրատիպեր կան․ օրինակ՝ որ դրանով հնարավոր է վարակվել, որ այն չի բուժվում, այն հոգեկան հիվանդություն է, պարտադիր անցնում է ժառանգաբար․․․ Այս բոլորը կարծրատիպեր են, որոնց պատճառով շատ դեպքերում մայրերը միայնակ են մեծացնում երեխաներին, ընտանիքի հայրը թողնում է ընտանիքը, քանի որ չի ուզում տեսնել երեխային, խնդիրներին առնչվել, ինչպես նաեւ ամաչում է հասարակությունից։

Ելենա Բաղդասարյանը նշում է, որ Էպիլեպսիայի 50 տեսակներ կան ու 70 տոկոս դեպքերում այն ամբողջովին բուժվում է, եթե մարդը ստանա անհրաժեշտ դեղորայք, առանձին դեպքերում կա նաեւ վիրահատական բուժում։

«Մեր շահառուների մեջ շատ դեպքեր կան, որ բուժում են ստանում, լիարժեք կյանքով են ապրում, բայց դեպքեր էլ կան, որ չափահաս դառնալուց հետո պետք է դեղորայքային բուժումը շարունակեն ստանալ, իսկ պետությունը մեծահասակների դեպքում ոչնչով չի ապահովում, միայն ցածր գին ունեցող ինչ-որ դեղեր, որոնց էֆեկտիվությունը նույնպես ցածր է»։

Ի տարբերություն մեծահասակների, էպիլեպսիայով հիվանդ երեխաները պետության կողմից որոշակի աջակցություն են ստանում։ Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ ժամանակակից էֆեկտիվ բժշկական պրեպարատներ կան, որոնք թույլ են տալիս բուժել եւ հսկել իրավիճակը, սակայն  դրանցից ոչ բոլորն են մտնում պետպատվերի մեջ։

«2-3 տեսակի դեղորայք է տրամադրվում, մնացածը պետք է ծնողները գնեն։ Դրանք քանի որ թանկարժեք են, իսկ ծնողները մեծամասամբ անապահով են, մեր հիմնադրամը աջակցում է իրենց այդ հարցում։ Պետության կողմից ֆինանսավորվում են նաեւ մի շարք հետազոտություններ, օրինակ՝ MRT-ն, որը 3 տեսլայանոց պետք է լինի՝ «Էպի» ռեժիմով, հատուկ Էպիլեպսիա ունեցողների համար։ Այն գլխուղեղի օջախներն է ցույց տալիս եւ դա կա միայն «Աստղիկ» ԲԿ-ում։ Այո, պետությունը տրամադրում է պետպատվեր, բայց հերթերն արդեն հասնում են մինչեւ ամառ ու հրատապ դեպքերում մենք ստիպված ենք լինում վճարել նաեւ դրա համար։

Եթե ունենում ենք սուր նոպա, վերակենդանացման բաժանմունքի, ստացիոնար ծառայությունները անվճար են։ Դիսպանսերում գրանցված երեխաները, երբ գալիս են կոնսուլտացիաների, դա եւս անվճար է։ Մեզ շատ անհրաժեշտ 24 ժամանոց վիդեոմոնիթորինգը եւս այս տարվանից մտավ պետպատվերի մեջ, սակայն 4 ժամանոց ռուտինայինը մեր վրա է մնում, դրա արժեքը 30 հազար դրամ է, կամ երեխաների ծնողներն ու հարազատները իրենց սեփական միջոցներից են վճարում»։

ՀԿ-ի տնօրենը նշում է, որ նյարդաբանական խնդիրները հասարակության կողմից դժվար են ընկալվում, ինչի հետեւանքով՝ դժվար է ֆինանսավորում գտնել շահառուներին օգնելու համար․ «Քաղցկեղով հիվանդ երեխաների համար 10 անգամ ավելի հեշտ է ֆինանսավորում գնել, քան նյարդաբանական խնդիրները լուծելու համար։ Մարդիկ մտածում են չի բուժվի, հոգեկան խանգարում է, այնինչ էպիլեպսիայի շատ տեսակներ կան, իրարից տարբեր, եւ մեծ մասը ունի բուժում։ Կան դեպքեր, որոնք տարիքային են եւ տարիքի հետ վերանում են, կան դեպքեր, որ ուղղակի պահանջում են համապատախան դեղորայք եւ մարդը կարող է ապրել լիարժեք կյանքով, կան տեսակներ, որոնք վիրահատական միջամտությամբ են բուժվում»։

Անդրադառնալով վիրահատական միջամտությանը՝ Ելենա Բաղդասարյանը նշեց, որ օջախային էպիլեպսիայի դեպքում, եթե օջախը հեռու է ուղեղի տեսողական, հենաշարժողական ֆունկցիայի հատվածից, կարող են վիրահատել ու մարդը մոռանա իր ունեցած հիվանդության մասին։

«Վիրահատական բուժում հնարավոր է, եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնում վիրահատությունները կատարվում են բարձր մակարդակով։ Դրանք կատարում են հայ բժիշկները՝ արտաահմանից եկած մասնագետների օգնությամբ։ Մոտ 20 երեխայի արդեն վիրահատել ենք։ Վիրահատությունը կատարվում է բաց ուղեղի վրա եւ հնարավորություն է տալիսս հիվանդին մոռանալ իր խնդրի մասին ու ապրել լիարժեք կյանքով»։

Եւ վերջում, Ելենա Բաղդասարյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչպես պետք է վարվել, երբ մարդու մոտ էպիլեպսիայի նոպա է նկատվում․

«Մարդը վայր է ընկնում, սկսում է ցնցվել, ոչ մի կողմնակի առարկաներ պետք չէ մտցնել բերանը, ոչ մի ձեւ պետք չէ ծնոտը փորձել բացել, լեզուն պահել․․․ պետք է պարզապես պառկեցնել հատակին, շրջել կողքի եւ փորձել ապահովել հանգիստ պայմաններ, որ ոչինչ չխանգարի նրան շնչել։ եթե գլուխը թեքում ես մի կողմ, ամեն ինչ անվնաս է դառնում, նոպաները 2-3 րոպեից դադարում են, իսկ եթե հինգ րոպեից երկար է տեւում, պետք է շտապ օգնություն կանչել եւ տեղափոխել հիվանդանոց»։



© NEWS.am Medicine