Կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր է ուռուցքային հիվանդություններով մարդկանց համար

10:49   19 փետրվարի, 2020

COVID-2019 կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր է ուռուցքային հիվանդություններով մարդկանց համար. նրանց մոտ մեծ է թե՛ վարակվելու, թե՛ բարդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է The Lancet Oncology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականների խոսքով՝ չարորակ նորագոյացությունների եւ թերապիայի պատճառով, որը պացիենտներն անցնում են քաղցկեղի դեմ պայքարելիս, իմունային համակարգը թուլանում է, եւ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծանում է: Այս եզրահանգումը կատարվել է Չինաստանում կորոնավիրուսով հիվանդանալու մոտ 2 հազար դեպքերի ուսումնասիրությունից հետո:

Գիտնականները կոչ են արել մեծացնել ուռուցքային հիվանդություններով պացիենտների հսկողությունը: Նրանք, մասնավորապես, առաջարկում են այդպիսի դեպքերում հետաձգել պլանային թերապիան, այդ թվում՝ վիրահատությունները եւ ուժեղացնել նման պացիենտների անձնական պաշտպանության միջոցները:



© NEWS.am Medicine