21:12 14 հուլիսի, 2014Պարզվում է՝ ամենահեղինակավոր թաբլետներից մեկը՝ iPad-ը, մաշկի վրա ալերգիկ ազդեցություն ունեցող մետաղ՝ նիկել է պարունակում, հաղորդում է FoxNews-ը: Վերջերս բժշկական ամսագրերը հաճախ են հիշյալ մետաղը պարունակող մի շարք անձնական օգտագործման էլեկտրական սարքավորումների, այդ թվում՝ նոութբուքերի եւ բջջային հետախոսների ալերգիկ ազդեցություններին անդրադառնում, սակայն այն, ինչ iPad-ի պատճառով Սան Դիեգոյի հիվանդանոցում հայտնված 11-ամյա տղայի հետ էր պատահել, վեր էր բոլոր տեսակի սպասելիքներից:
Նիկելի ազդեցությամբ առաջացած ցանը կյանքի համար սպառնալիք չի ներկայացնում, բայց բարդությունների դեպքում կարող է ստերոիդների եւ հակաբիոտիկների օգնությամբ բուժում պահանջել:
iPad-ի 11-ամյա զոհի մոտ այնպիսի բարդության՝ ողջ մարմնով տարածված ցան էր առաջացել, որ բուժման ստանդարտ եղանակներն այլեւս ոչնչով չէին կարողանում օգտակար գտնվել: Համոզվելու համար, որ պատճառը սարքավորումն է, բժիշկները iPad-ի արտաքին շերտի քիմիական հետազոտություն էին իրականացրել եւ նիկելի առկայություն հաստատել:
Apple ընկերության խոսնակ Քրիս Գեյթերը ձեռնպահ է մնացել դեպքի առնչությամբ մեկնաբանություններից:
Հետազոտությամբ նիկելի առկայություն է նկատվել նաեւ որոշ կրակայրիչների, ակնոցի շրջանակների եւ բիժուտերիայի մեջ:
Հետաքրքրական է այն, որ մաշկի հետազոտություն անցած ամերիկացի երեխաների 25 տոկոսի մոտ նիկելի ազդեցությամբ ի հայտ եկած ալերգիա է նկատվում, ի տարբերություն մեկ տասնամյակ առաջ գրացված՝ շուրջ 17 տոկոս ցուցանիշի: