16:45 15 հուլիսի, 2014Գիտնականները թքի հետազոտության նոր՝ սենսորային եղանակ են մշակում, որի օգնությամբ հնարավոր կլինի օրգանիզմում շաքարի բաղադրությունը որոշել, հաղորդում է NewsMax Health-ը: Լույսի, հատուկ մետաղի եւ էնզիմների ազդեցությամբ շաքարի բաղադրության նկատմամբ զգայունություն ունեցող սարքը հատկապես շաքարախտով հիվանդների համար կարող է օգտակար լինել, որոնք այսուհետ, արյան մեջ շաքարի բաղադրությունը որոշելու համար, օրվա ընթացքում մի քանի անգամ մատը ծակելու անհրաժեշտություն չեն ունենա:
Գիտնականները վաղուց էին շաքարախտով հիվանդների համար արյան հետազոտության այլընտանք փնտրում, եւ ահա խնդրի լուծումն այլեւս գտնված է:
Այդուհանդերձ, սարքը դեռ երկար ժամանակ դեղատներում չի հայտնվի: ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության կողմից հավատարմագրման գործընթացը, որպես կանոն, բավականին երկար ժամանակ է պահանջում: Բացի այդ, հետագա հետազոտություններ են հարկավոր՝ սենսորի աշխատանքի ճշգրտությունը պարզելու համար, հատկապես երբ թքի մեջ սննդային մնացորդներ լինեն:
Շաքարախտով հիվանդները, հատկապես որոնք ինսուլինի ներարկման կամ դեղամիջոցների օգնությամբ արյան մեջ շաքարի բաղադրության կարգավորման կարիք ունեն, հաճախ են արյան հետազոտություն իրականացնող սարքերի օգնությանը դիմում՝ համարժեք արձագանքի չափը որոշելու համար: Սարքի հեղինակները բոլորովին վերջերս են պարզել, որ թքի բաղադրության մեջ եւս, չնայած անհամեմատ փոքր ծավալներին, գլյուկոզայի առկայություն է նկատվում:
Նորարարության հեղինակները փորձել են պարզել, թե ինչպես է սարքը արհեստական թքի՝ իրական բարդություններից զերծ պայմաններում աշխատում: Փորձարկման արդյունքները գիտնականներին գոհացրել են. լույսի, երկաթի եւ էնզիմների շնորհիվ, շաքարի սենսորը բարձր ճշտությամբ արդյունքներ է գրանցել:
Մասնագետները հույս ունեն մոտ ապագայում սարքի բավականաչափ փոքր՝ շարժական տարբերակը ստանալ: Բացի այդ, նրանք պետք է իրական թքի պայմաններում փորձարկումներ կատարեն եւ լույսի առավել էժան աղբյուր փնտրեն: Մեկ այլ նախագծի շրջանակում օրգանիզմում առկա ինսուլինի մակարդակը չափող սարքի մշակման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում:
Այդուհանդերձ, թվում է, թե նորաստեղծ սարքը հենց այնպես՝ առանց մաքուր թքի չի կարող աշխատել: Օգտատերերը ստիպված են լինելու մաքրել բերանի խոռոչը՝ սննդի մնացորդներից ազատվելու համար: