6-ամսական աղջիկը քիչ էր մնում մահանար հեռախոսի լիցքավորման լարը կծելու պատճառով (ֆոտո)

16:31   21 փետրվարի, 2020

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստորեւ ներկայացված լուսանկարները կարող ձեզ տհաճ թվալ

Բրազիլիայում 6-ամսական աղջիկը քիչ էր մնում մահանար այն բանից հետո, երբ կծել է վարդակին միացված հեռախոսի լիցքավորման լարը. հոսանքի հարվածի հետեւանքով ստացած այրվածքների պատճառով նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, Մատու Գրոսու նահանգի Լուկաս դու Ռիու Վերդի համայնքում աղջիկը, ում անունը չի հրապարակվում, արթնացել է ու սկսել խաղալ կողքին ներքնակի վրա դրված բջջային հեռախոսով, որը դրված էր լիցքավորման: Աղջիկն ինչ-որ պահի լարը տարել է բերանը: Հոսանքը նրան այնքան ուժգին է հարվածել, որ նա գիտակցությունը կորցրել է, իսկ տան ավտոմատ անջատիչն անջատվել է:

Ազգականները աղջկան դեմքերի եւ ձեռքերի այրվածքներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում: Նրա շնչուղիներում հոսանքի հարվածից մեծ քանակությամբ թուք էր հավաքվել, եւ բժիշկները վախենում էին, որ նա կարող է խեղդվել: Հեղուկը հեռացրել են հատուկ սարքով:

Երբ կյանքի համար վտանգն անցել է, աղջկան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նա դեռեւս հիվանդանոցում է, բայց արդեն ապաքինվում է:

Բժիշկ Հելենո Շտրոբել Ռոզան, որը տուժածին առաջին օգնություն է ցույց տվել, փոքր երեխաների ծնողներին կոչ է արել աչալուրջ լինել՝ համանման միջադեպերից խուսափելու համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ստորեւ ներկայացված լուսանկարները կարող ձեզ տհաճ թվալ



© NEWS.am Medicine