Որոշ հակաբիոտիկներ կարող են բնածին արատներ առաջացնել պտղի մոտ. հետազոտություն

21:27   22 փետրվարի, 2020

Մակրոլիդների դասի հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են հղիության ընթացքում, կարող են պտղի մոտ բնածին արատներ առաջացնել, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներին:

Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր հակաբիոտիկների ազդեցությունը պտղի զարգացման եւ վիժման հավանականության վրա: Վերլուծությունը հիմնված է վերջին 26 տարվա ընթացքում բրիտանական բժշկական ծառայությունների կողմից հավաքված տվյալների վրա:

Մասնագետները ուսումնասիրել են մոտավորապես 104000 երեխայի տվյալները, որոնց մայրերը հղիության ընթացքում ծանր վարակներ են ունեցել եւ պենիցիլին կամ այլ դեղեր են ընդունել: Նրանց վիճակը համեմատել են այն երեխաների խմբի հետ, որոնց մայրերը հակաբիոտիկներ չեն խմել: Պարզվել է, որ այն կանանց երեխաները, որոնք հղիության առաջին եռամսյակի ընթացքում մակրոլիդներ են օգտագործել, իրենց քույրերի եւ եղբայրների համեմատ 1.5-2 անգամ ավելի հաճախ են լուրջ խնդիրներ ունեցել սեռական օրգանների, սրտանոթային համակարգի եւ մարմնի այլ մասերի ձեւավորման մեջ:

Հետաքրքիր է, որ պենիցիլինի ընդունումը չի մեծացրել անոմալիաների ռիսկը: Իսկ, ահա, մակրոլիդները հստակ կապել են առիթմիաների եւ արյան շրջանառության այլ խանգարումների զարգացման հետ: Թե ինչ մեխանիզմների շնորհիվ է հակաբիոտիկների այս խումբը խնդիրներ առաջացնում, գիտնականները դեռ չեն կարող ասել:



© NEWS.am Medicine