Ֆրանսիայում ծրագրվում է 70 լրացուցիչ հիվանդանոցներ պատրաստել կորոնավիրուսով պացիենտների համար

20:04   24 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի համաճարակի հնարավոր տարածման հետ կապված՝ ֆրանսիական իշխանությունները որոշել են այդ հիվանդության դեմ պայքարին մասնակից դարձնել 70 լրացուցիչ հիվանդանոցների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նոր նախարար Օլիվյե Վերանը։

Հարեւան Իտալիայում արդեն կորոնավիրուսի զոհ են դարձել 7 պացիենտներ, վարակված են ավելի քան 150-ը։ 12 մարդ մահացել է Իրանում։ Վարակման առաջին դեպքերն են գրանցվել Աֆղանստանում, Քուվեյթում եւ Բահրեյնում, դրանք բոլորը համաճարակաբանորեն կապված են Իրանի հետ։

Ֆրանսիական առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը երկրում չի փոխվել։ Վարակված մի պացիենտ հոսպիտալացվել է, եւս մեկը՝ չինացի զբոսաշրջիկ, մահացել, իսկ 10 մարդ առողջացել եւ դուրս է գրվել։

Տվյալ պահին Ֆրանսիայում 38 հիվանդանոցներ պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակված պացիենտներին։ Սակայն, նախարարի խոսքերով, «իրավիճակը կարող է շատ արագ էվոլյուցիա ապրել»՝ հաշվի առնելով հարեւան Իտալիայում վարակի դեպքերի կտրուկ աճը։



© NEWS.am Medicine