Ինչպե՞ս են տարբեր մթերքներն ազդում կաթվածի զարգացման հավանականության վրա

12:07   26 փետրվարի, 2020

Այն մասին, որ սնունդը կարող է ազդել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության վրա՝ բավականին վաղուց է հայտնի: European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտության հեղինակները պարզել են, թե որ մթերքներն են մեծացնում իշեմիկ եւ հեմոռագիկ կաթվածների զարգացման հավանականությունը:

Մասնագետները վերլուծել են 9 երկրից 418 329 մարդկանց տվյալները: 12,7 տարում իշեմիկ կաթված է ախտորոշվել 4281 պացիենտի մոտ, իսկ հեմոռագիկ՝ 1430-ի մոտ:

Գիտնականները կապ են նկատել սննդակարգում բջջանյութի (մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, ընկույզներ եւ սերմեր) ընդհանուր քանակության եւ իշեմիկ կաթվածի հավանականության պոտենցիալ նվազման միջեւ: Օրական 10 գրամով բջջանյութի գործածման յուրաքանչյուր մեծացման դեպքում հավանականությունը նվազել է 23 տոկոսով, իսկ պտուղ-բանջարեղենի օրական յուրաքանչյուր 200 գրամը կապված է հավանականության 13 տոկոսով նվազման հետ:

Հատկանշական է, որ որեւիցե մթերքի եւ իշեմիկ կաթվածի մեծ հավանականության միջեւ վիճակագրական նշանակություն ունեցող կապ չի հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է հեմոռագիկ կաթվածին, ապա ձվի օրական յուրաքանչյուր լրացուցիչ 20 գրամը հավանականությունը 25 տոկոսով մեծացել է:



© NEWS.am Medicine