Հայաստանը մասնագետ է ուղարկել Թեհրան՝ ինքնաթիռում ուղեւորների ընքնազգացողությունը ստուգելու համար

13:19   26 փետրվարի, 2020

Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան՝ ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ վերջիններիս ինքնազգացողությունը ստուգելու եւ պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին տեղեկատվություն տալու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:

Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը», - գրել է նախարարը:



© NEWS.am Medicine