«Շտապօգնությունը» 6 ամիսների ընթացքում 113 272 կանչ է ստացել

14:32   15 հուլիսի, 2014

«Շտապօգնություն» 6 ամիսների ընթացքում՝ այս տարվա հունվարի սկզբից մինչեւ հուլիս, 113 272 կանչ է ստացել՝ 898-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին լրագրողներին պատմեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Հիվանդանոց տեղափոխված հիվանդների թիվն այս ամիսների ընթացքում կազմել է 21 333՝ 455-ով ավելի, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ինչ վերաբերվում է մանկական կանչերին, դրանք 10 620-նն էին՝ նախորդ տարվա համեմատ 747-ով պակաս; շտապօգնության կարիքն ունեցող երեխաներից հիվանդանոց էին տեղափոխվել 3656-ը:

Ինչպես նշեց Թագուհի Ստեփանյանը, օրեկան «Շտապօգնությունը» ստանում է մոտ 650 կանչ: Ըստ չափորոշիչների, բրիգադը պետք է հասնի հիվանդի տուն մոտ 7-10 րոպեների ընթացքում, սակայն եթե կանչերը նույն պահին շատ են լինում, բրիգադներն առաջին հերթին աշխատում են հասնել անհետաձգելի խնդիրներ ունեցող հիվանդներին:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ ամենից հաճախ կանչերի պատճառը սիրտ-անոթային խնդիրներն են. 30 608 կանչ գրանցվել է հենց սիրտ-անոթային խնդիրների պատճառով` 5924-ով ավելի, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում: Թունավորումների դեպքերը 700-ն էին՝ մի փոքր ավելի, քան անցած տարվա 638-ը:

Ինչ վերաբերվում է «Շտապօգնության» անձնակազմին, այն այսօրվա դրությամբ 650 հոգուց է բաղկացած, որոնցից 550-ը բուժաշխատողներ են:



© NEWS.am Medicine