Ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի պաս պահել

14:24   26 փետրվարի, 2020

Սննդակարգը, որին մարդիկ հետեւում են պասի ժամանակ, ընդհանրապես առողջ է համարվում՝ որոշ վերապահումներով: Սակայն ամենեւին ոչ բոլոր մարդկանց է կարելի պաս պահել, պնդում է դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ որոշ քրոնիկական հիվանդություններ, օրինակ՝ աղեստամոքսային, կարող են սրվել, եթե մարդը հետեւի բացառապես բուսական սննդակարգի, եւ առավել եւս, եթե ուտի մեծ քանակությամբ հում մթերքներ:

Պաս պահելն արգելվում է նաեւ անեմիայի, հատկապես դրա ծանր ձեւերի դեպքում. եթե անեմիայով մարդը 49 օր հետեւի բուսական սննդակարգի, ապա նրա վիճակը կարող է զգալիորեն վատթարանալ, քանի որ հեմոգլոբին արտադրելու համար օրգանիզմը սննդարար նյութերի կարիք ունի, որոնք ստացվում են կարմիր մսից:

Խիստ պասի հետեւել խորհուրդ չի տրվում հղիներին, կրծքով կերակրող մայրերին եւ փոքր երեխաներին. այս բոլոր մարդկանց օրգանիզմին ամնհրաժեշտ են բավարար քանակությամբ սննդարար նյութեր, որոնք ստացվում են մսամթերքից եւ կաթնամթերքից:

Չնայած տարածված կարծիքին, պասն ամենեւին էլ չի օգնում նիհարել. հակառակը՝ պասի ժամանակ մարդկանցից շատերը գիրանում են: Սա կարող է պայմանավոված լինել այն հանգամանքով, որ կուշտ լինելու երկարատեւ զգացում ապահովող մսամթերքից հրաժարված մարդիկ սկսում են ավելի շատ ուտել հաց եւ այլ արագ ածխաջրեր, ինչն, իհարկե, նպաստում է քաշ հավաքելուն: Ավելին՝ բուն պասի սննդակարգն իրականում նպաստում է քաշ հավաքելուն, քանի որ բուսական մթերքների ջերմամշակման դեպքում դրանց գլիկեմիկ ինդեքսը մեծանում է, իսկ առանց ջերմային մշակման դրանք կարող են սրել քրոնիկական հիվանդություններով մարդկանց խնդիրները:

Եթե պատրաստվում եք պաս պահել, խորհուրդ է տրվում մասնագետի հետ խորհրդակցել, հատկապես եթե ձեզ մոտ կա որեւիցե քրոնիկական հիվանդություն կամ եթե պատրաստվում եք հղիանալ:



© NEWS.am Medicine