Վրաստանն անցնում է համաճարակային պատրաստվածության ռեժիմի

21:37   26 փետրվարի, 2020

Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի կապակցությամբ երկիրն անցնում է համաճարակային պատրաստվածության ռեժիմի: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Ինչպես հայտնում է apsny.ge-ն, վերջերս Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 9 պացիենտ, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մյուսները՝ Վրաստանի քաղաքացիներ, որոնք ժամանել են Չինաստանից: Անալիզ վերցնելուց հետո 5 պացիենտի դուրս են գրել, քանի որ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս պահին Վրաստանում կորոնավիրուսի որեւէ դեպք չի հայտնաբերվել:

Ինչպես հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, չնայած նրան, որ անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումներն անցկացվել են, Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկն աճել է:

«Լուգարա լաբորատորիան ամեն օր իրավիճակի մասին հայտարարություն է անում: Բոլոր գերատեսչությունները միասին աշխատում են: ԱԳՆ-ն ակտիվորեն մասնակցում է գործընթացին: Մենք ժամանած ուղեւորների մասին տիրապետում ենք ամբողջ ինֆորմացիային: Եթե սահմանին հսկողությունն ուժգնացնելու անհրաժեշտություն լինի, մենք դրան պատրաստ ենք: Մենք կողմ չենք Վրաստան մուտքի լրիվ արգելքին, քանի որ ունեն բավարար ռեսուրսներ կանխարգելիչ հսկողություն իրականացնելու համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այս փուլում Իտալիայի նկատմամբ հավելյալ կարգավորումներ չեն ծրագրվում:  



© NEWS.am Medicine