Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2804-ի. Իրավիճակը կայունանո՞ւմ է

09:11   27 փետրվարի, 2020

Աշխարհում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2804-ի: Վերջին շաբաթներին մեկ օրում առաջին անգամ գրանցվել է մահվան 100-ից պակաս դեպք, սակայն վարակման նոր դեպքերի թիվը շարունակում է աճել, հատկապես Հարավային Կորեայում եւ Իտալիայում: Իրանի վերաբերյալ նոր տվյալներ առայժմ չկան:

Եթե Չինաստանում գրանցվել է վարակման 435 նոր դեպք, ապա Հարավային Կորեայում՝ 334 (վարակակիրների ընդհանուր թիվը հասել է մինչեւ 1595-ի), իսկ Իտալիայում այսօրվա դրությամբ վարակված է 470 պացիենտ: 17 նոր դեպք է ախտորոշվել Ճապոնիայում, պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 189:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ ինֆեկցիայի բռնկման ամբողջ ընթացքում մահվան ամենաշատ դեպքեր գրանցվել են Չինաստանում (2747), երկրորդ տեղում է Իրանը (19), հաջորդում են Հարավային Կորեան (13) եւ Իտալիան (12): Երեք պացիենտ էլ մահացել է Ճապոնիայում, 2 Հոնկոնգում, 1 Թայվանում, 1 Ֆիլիպիններում եւ 2 Ֆրանսիայում, ինչպես նաեւ Diamond Princess նավում 4 պացիենտ: Վերջին տեղեկություններով՝ մնացած երկրներում մահվան դեպքեր չեն գրանցվել:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 48 երկրում: Երեկ վարակման առաջին դեպքն է գրանցվել նաեւ Վրաստանում:



© NEWS.am Medicine