Բացառված է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան

11:48   27 փետրվարի, 2020

Հայաստանի քաղաքացիները կարող են վստահ լինել, որ նոր կորոնավիրուսի մասին տեղեկությունը չեն թաքցնում: Բացառված է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

Նրա խոսքով՝ եթե նոր տեղեկություն հայտնվի, ապա, իհարկե, նախ կստուգեն եւ կքննարկեն, եւ եթե տեղեկությունը հաստատվի, ապա 1-2-3 ժամում այդ տեղեկությունը կհանրայնացվի:

Վարչապետի խոսքով՝ տվյալ պահին մտահոգվելու կարիք չկա: Նա նաեւ նշեց, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անցկացվող միջոցառումները տպավորիչ են, եւ հույս հայտնեց, որ Հայաստանը եւս հնարավոր ամեն ինչ անում է:

Փաշինյանը նաեւ նշեց, որ զինված ուժերում լուրջ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում, եւ զինծառայողների ծնողներին խնդրեց դրան ըմբռնումով մոտենալ:

Խոսելով Իրանի իրավիճակի մասին՝ վարչապետը հույս հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները արագ պտուղներ կտան, եւ Հայաստանը կկարողանա մոտ ժամանակներս վերականգնել Իրանի հետ նորմալ հաղորդակցությունը: 



© NEWS.am Medicine