Բաց տարածքներում բժշկական դիմակներ կրելու իմաստ չկա. նախարար

15:25   27 փետրվարի, 2020

Դեղատներում վաճառվող բարակ բժշկական դիմակները որեւէ լուրջ ազդեցություն չունեն վիրուսի դեմ պայքարում, եւ բաց տարածքներում բժշկական դիմակներ կրելու իմաստ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Բժշկական դիմակներ պետք է կրեն պացիենտները, որպեսզի վիրուսի կաթիլները չտարածվեն շրջակա միջավայրում: Իսկ առողջ մարդկանց դրանք որեւէ օգուտ չեն բերի, եւ այդ պատճառով, նախարարի խոսքով, իմաստ չկա դիմակներ գնել:

Նախարարը նաեւ նշեց, որ դրանք պետք է պարբերաբար փոխել, սակայն որոշ մարդիկ միեւնույն դիմակը մի քանի օր կրում են, ինչն իրականում անթույլատրելի է:

Նախարարի խոսքով՝ վիրուսներից պաշտպանվելու համար կան հատուկ դիմակներ եւ հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են վարակված մարդկանց հետ աշխատող բժիշկների համար: Նման դիմակներ են կրում հիվանդանոցներում, հատկապես՝ ինֆեկցիոն բաժանմունքներում, անկախ կորոնավիրուսի բռնկումից:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կա բժշկական դիմակների պահեստ բուժկենտրոնների համար՝ ավելի քան 150 000 հատ: Շուտով ծրագրվում է ավելի շատ դիմակներ կրել՝ անկախ նրանից, որ ամբողջ աշխարհում դրանց գները բարձրացել են: Քննարկվում է նաեւ Հայաստանում բժշկական դիմակների արտադրության կազմակերպման հնարավորությունըԼ

Արսեն Թորոսյանը նշեց նաեւ, որ կորոնավիրուսից եւ այլ վիրուսային վարակներից պաշտպանվելու համար պետք է հետեւել հիգիենային, լվանալ ձեռքերը, հաճախ օդափոխել տարածքները, փորձել չգտնվել փակ տարածքներում, իսկ բաց տարածքներում ոչինչ անել պետք չէ. այնտեղ վարակման ռիսկը նվազագույն է: 



© NEWS.am Medicine