Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակել

18:34   28 փետրվարի, 2020

Հայտնի գործարար Նուբար Աֆեյանի կողմից հիմնված Բոստոնում գտնվող Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել:

Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ mRNA-1273 փորձարարական պատվաստանյութը մշակվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի գիտնականները վերծանել եւ հրապարակել են վիրուսի գենետիկ կոդը:

Պատվաստանյութի աշխատանքի մեխանիզմը պարզ է. այն պարունակում է ինֆորմացիոն ՌՆԹ-ի տեսքով վիրուսային սպիտակուցի մակերեսային կառուցվածքի մասին տեղեկություն եւ նպաստում է այդ սպիտակուցի նկատմամբ հակամարմնի մշակմանը՝ ապահովելով վիրուսի դեմ իմունիտետը:

Հայտնի է, որ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կանցկացվեն ապրիլին: Եթե դրա արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցվի, ապա ոչ հեռավոր ապագայում այն կարող են օգտագործել բժիշկները: 



© NEWS.am Medicine