Հայկական կողմը հայ-իրանական սահմանով հաղորդակցության սահմանափակումները կերկարաձգի եւս 2 շաբաթով. նախարար

10:22   3 մարտի, 2020

Հաշվի առնելով Իրանում համաճարակաբանական իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել հայ-իրանական սահմանով հաղորդակցության սահմանափակումները եւս 2 շաբաթով երկարաձգելու մասին՝ նվազագույնը մինչեւ մարտի 24-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ որոշումը հրապարակվելու է այսօր եւ ուժի մեջ կմտնի վաղը՝ մարտի 4-ին: Բացառությունները, որոնք գործում էին որոշ դեպքերում (օրինակ՝ բեռնափոխադրողների համար), նույնպես ժամանակավորապես կհանվեն:

Նախարարը նաեւ հայտնել է, որ պացիենտը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, իրեն լավ է զգում, նա չունի ո՛չ բարձր ջերմություն, ո՛չ որեւէ այլ ախտանիշներ: Նույնը վերաբերում է նաեւ նրա հետ շփված մարդկանց, որոնց 2 օր առաջ մեկուսացրել են Ծաղկաձորում: Նրանցից ոչ մեկը հիվանդ չէ:

Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ գարնանը վիրուսներից շատերը սկսում են նահանջել, եւ նույնը պետք է սպասել նաեւ այս դեպքում. տաքանալուն զուգահեռ շատ վիրուսներ, այդ թվում կորոնավիրուսները կնահանջեն:



© NEWS.am Medicine