Սմարթֆոնն իսկապես ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը

21:51   6 մարտի, 2020

Շատ մարդիկ վախենում են զուգանանակոնքից հասարակական զուգարանում, սակայն առանց երկյուղելու ձեռք են տալիս սմարթֆոնն անգամ ճաշելիս: Պարզվում է, որ միջին վիճակագրական սմարթֆոնն իրականում ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը, եւ դա միֆ չէ:

Հիգիենայի եւ տրոպիկական բժշկության Լոնդոնի դպրոցի գիտնականները դեռեւս 2011 թվականին պարզել են, որ յուրաքանչյուր վեցերորդ սմարթֆոնի վրա կարելի է հայտնաբերել կղանքի մասնիկներ: Մեր հեռախոսների վրա պոտենցիալ վտանգավոր բակտերիաներն ու վիրուսները նույնպես շատ են, չէ որ մենք դնում ենք դրանք ամենատարբեր մակերեսներին, բռնում կեղտոտ ձեռքերով:

Տեսականորեն, հեռախոսին, այնուհետեւ աչքերին, քթին եւ շուրթերին դիպչելով, կարելի է ձեռք բերել բազմաթիվ տարբեր հիվանդություններ, ընդհուպ մինչեւ կորոնավիրուս, եթե կաթիլները, որոնց միջոցով այն տարածվում է, ինչ-որ կերպ հայտնվեն հեռախոսի վրա:

Արիզոնայի համալսարանի կողմից անցկացված մեկ ուրիշ հետազոտությունում ցուցադրված է, որ շաբաթական 40 ժամ գրասենյակում գտնվող աշխատակցի սմարթֆոնի վրա ավելի շատ են բակտերիաները, քան միջին վիճակագրական հասարակական զուգարանակոնքի վրա: Դեռ ավելին, հեռախոսի վրա կարելի է գտնել նաեւ հակաբիոտիկների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմներ:

Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար մաքրել հեռախոսը՝ օգտագործելով հատուկ բջջային հեռախոսների համար ստեղծված ախտահանիչ միջոցներ միկրոֆիբրայից անձեռոցիկների հետ միասին:



© NEWS.am Medicine