Իրանում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն

17:14   6 մարտի, 2020

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Անցած մեկ օրում հաստատվել է 1234 դեպք, ինչը ռեկորդային է: Նոր տվյալները հաշվի առնելով՝ ընդհանուր թիվը 4747 է»,- հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ այսպիսի աճը կարելի է բացատրել կենտրոնների թվի ավելացմամբ, որտեղ կարելի է վիրուսի ստուգման թեստ հանձնել. սրա շնորհիվ մեծացել է հիվանդությունը ճանաչելու արագությունը:

Ջահանփուրի խոսքով՝ վարակման ամենաշատ դեպքեր գրանցվել են  մայրաքաղաքային շրջանում: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ կորոնավիրուսը տարածվել է գործնականում բոլոր նահանգներում:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 124-ի:

Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվել են մինչեւ մարտի 20-ը, բայց այդ օրվանից հետո Իրանում նաեւ սկսվում են Նովրուզի՝ տեղական ամանորյա տոնի հետ կապված արձակուրդները:

Քաղաքացիներին խորհուրդ է տրվել մնալ տանը եւ խուսափել ուղեւորություններից: Մշակութային եւ սպորտային միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Սահմանափակումները տարածվել են նաեւ կրոնական ծեսերի վրա. չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը, շիական սրբավայրեր այցելությունը կանոնակարգված է:

Իշխանությունները միջոցառումներ անցկացնելիս աստիճանաբար անցնում են տեսահամաժողովների ձեւաչափին: Այսպես՝ այս շաբաթ կառավարության եւ ԱԳՆ ճեպազրույցները անցել են առանց լրագրողների մասնակցության:



© NEWS.am Medicine