Կարանտին դպրոցներում, զանգվածային միջոցառումների չեղարկում. Ի՞նչ է արվում Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

16:54   11 մարտի, 2020

Կորոնավիրուսը շարունակում է Եվրոպայում սրընթաց տարածվել: Մի քանի երկրների իշխանություններ սկսել են միջոցառումներ ընդունել այս վիրուսի դեմ պայքարի համար: Օրինակ՝ դասերը չեղյալ են հայտարարվել Չեխիայի եւ Հունաստանի դպրոցներում ու բուհերում, իսկ Լեհաստանում՝ համալսարաններում: Զանգվածային միջոցառումները չեղյալ են հայտարարվել շատ երկրներում, իսկ Իտալիայում քաղաքացիներին խորհուրդ է տրվում աշխատել տանից դուրս չգալ:

Չեխիայում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու արդեն 41 դեպք, իշխանությունները հայտնել են անորոշ ժամկետով երկրի բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները չեղյալ հայտարարելու մասին եւ արգելել են ավելի քան 100 մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները:

Հունաստանում նույնպես իշխանությունները հայտարարել են 2 շաբաթով դպրոցները, համալսարանները եւ մանկապարտեզները փակելու մասին:

Սլովակիայում, որտեղ գրանցվել է ինֆեկցիայի 7 դեպք, դպրոցները փակել են միայն մայրաքաղաք Բրատիսլավայում: Դրանից բացի, մինչեւ մարտի 23-ը երկրում արգելք է գործում եկեղեցական հանրային պատարագների եւ այլ հանրային հավաքների համար:

Լեհաստանում, որտեղ հաստատվել է վիրուսով վարակվելու 21 դեպք, զանգվածային միջոցառումները նույնպես արգելված են, համալասարններում դասերը մասնակի են չեղյալ հայտարարել: Նաեւ բժշկական լրացուցիչ հսկողություն է սահմանվել Գերմանիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Լիտվայի սահմաններին:

Եվրոպայի երկրների շարքում ամենից վատթար իրավիճակն Իտալիայում է, որտեղ արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 149 դեպք եւ վիրուսի հետեւանքով մահվան 631 դեպք: Սրա հետ կապված երկրում մտցվել են մի շարք սահմանափակումներ. մինչեւ ապրիլի 3-ը իտալացիներին խորհուրդ են տվել «նստել տանը», իսկ փողոցում եւ հանրային վայրերում հանձնարարված է հետեւել մեկ մետր կանոնին՝ չմոտենալ մյուս անցորդներին: Այս նոր կանոնները կոչվում են Io resto a casa («Ես մնում եմ տանը»):

Սլովենիան եւ Ավստրիան Իտալիայի սահմանը փակել են: Մեծ թվով այլ երկրների իշխանություններ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս Իտալիա չգնալ:

Գերմանիայում գրանցվել է արդեն կորոնավիրուսով վարակվելու 1622 դեպք եւ դրա հետեւանքով 3 մահ: Գերմանիայի շատ քաղաքներում որոշվել է սահմանափակել մասնակիցների մեծ թվով հանրային միջոցառումները: Օրինակ՝ Բեռլինում որոշել են պետական մշակութային բոլոր հաստատություններում ներկայացումները դադարեցնել մինչեւ ապրիլի 19-ը՝ Զատկի արձակուրդների ավարտը: Մյունխենում չեղյալ են հայտարարվել Բավարական պետական օպերայի ելույթները: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում չեղյալ են հայտարարել ավելի քան 1000 մասնակիցներով ցանկացած միջոցառում:



© NEWS.am Medicine