Կնոջը տղամարդու ձեռքեր են փոխպատվաստել. Դրանք ժամանակի ընթացքում պակաս մազածածկ են դարձել (ֆոտո)

14:30   14 մարտի, 2020

Հնդկաստանի Պունե քաղաքից (Մահարաշթրա նահանգ) Շրեյա Սիդանագոուդան ձեռքերից զրկվել էր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Վիրաբույժները նրան տղամարդու ձեռքեր են փոխպատվաստել, որոնք ժամանակի ընթացքում փոխել են գույնը եւ դարձել պակաս մազածածկ:

Ինչպես հայտնում է Asia One պարբերականը, ճանապարհային պատահարը տեղի է ունեցել, երբ աղջիկը 18 տարեկան էր: Նա ստացել է ձեռքերի ծանր վնասվածքներ, եւ քանի որ նրան ժամանակին օգնություն չի ցուցաբերվել, որոշ ժամանակ անց բժիշկները ստիպված էին աղջկա երկու ձեռքերը մինչեւ արմունկը անդամահատել:

Մշակութային պատկերացումներից ելնելով՝ Հնդկաստանի բնակիչները սովորաբար հրաժարվում են փոխպատվաստման համար տալ մահացած ազգականների ձեռքերը, ուստի այսպիսի վիրահատության կարիք ունեցող մարդիկ ստիպված են շատ երկար սպասել դոնորական նյութին: 2017 թվականի օգոստոսին հիվանդանոցը ստացել խոշորակազմ տղամարդու մեկ զույգ ձեռք, եւ որոշվել է աղջկան փոխպատվաստել դրանք:

Վիրաբույժների խումբը 13 ժամ տեւած վիրահատության ժամանակ նախ միացրել է ոսկորները, այնուհետեւ կարել է ջլերը, արյունատար անոթները եւ մաշկը:

Փոխպատվաստումից հետո աղջիկը ստիպված էր մեկ տարուց ավելի ֆիզիոթերապիա անցնել, որ հարմարվի նոր ձեռքերին եւ ձեռք բերի շարժունություն ու զգայունություն:

Ձեռքերի դոնորը բարձրահասակ տղամարդ էր՝ խոշոր մատներով եւ խիտ մազածածկով: Ուշագրավ է, որ վիրահատության պահից սկսած մեկ տարում ձեռքերը բարակել են եւ մաշկը Սիդանագոուդայի մաշկի նման բաց գույն է ստացել, իսկ մազածածկույթը պակասել է: Բժիշկներին այս փոփոխությունները մտահոգել են: Բժիշկ Սուբրամանիա Իյերը ենթադրել է, որ մաշկի գույնը կարող էր փոխվել մելանոցիտախթանող հորմոնների պատճառով, որոնք վերահսկվում են ուղեղի կողմից եւ խթանում մելանինի արտադրումը:

«Մեզ մոտ հարց է առաջանում՝ արդյոք կարո՞ղ էր այս հորմոնի մակարդակն ազդել մաշկի գույնի վրա: Մելանինը բնական պիգմենտ է, որը մաշկին, աչքերին եւ մազերին դրանց գույնն է տալիս»,- ասել է նա:

Նյու Դելիի գլխավոր մաշկաբան, բժիշկ Շելա Ագարվալը մազածածկույթի խտության նվազելը եւ ձեռքերի գույնի փոխվելը պատճառաբանել է «արական» հորմոն տեստոստերոնի մակարդակի նվազմամբ եւ այլ հորմոնային փոփոխություններով, քանի որ հիմա ձեռքերի վրա ազդել են պացիենտի իգական հորմոնները:

Շրեան ուրախանում է փոխակերպմամբ: Վերջերս նա կարողացել է քոլեջում քննությանը ձեռքով գրել: Դրանից բացի, նա բժիշկ Իյերին է ուղարկել ձեռքով գրված ծննդյան օրվա շնորհավորանքի գրություն:

«Սա ինձ համար ամենալավ նվերն է»,- խոստովանել է վիրաբույժը:



© NEWS.am Medicine