ԱՄՆ-ում սկսել են թեստավորել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը. 43-ամյա կինը ստացել է առաջին պատվաստումը

09:27   17 մարտի, 2020

ԱՄՆ-ում սկսել են թեստավորել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից մեկը: Հետազոտությունն անցկացնում է Kaiser Permanente Washington Research Institute-ը, հայտնում է Associated Press-ը: 

Պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկել են Սիեթլից 43-ամյա Ջենիֆեր Հելերին, ում կանչել են մասնակցելու պատվաստանյութի թեստավորմանը: Պատվաստմանը սպասելիս նա ասել է, որ կորոնավիրուսի դեմ բոլորն իրենց անզոր են զգում, ուստի իրեն ուրախացրել է օգտակար ինչ-որ բան անելու հնարավորությունը: Ջենիֆերը երկու դեռահաս երեխա ունի, եւ նրանց կարծիքով՝ արտակարգ է, որ իրենց մայրը մասնակցում է պատվաստանյութի փորձարկումներին, հայտնում է Daily Mail-ը:

Ջենիֆերը բժշկի կաբինետից դուս է եկել ժպտալով եւ ասել է. «Ինձ գերազանց եմ զգում»:

Հետազոտությանը մասնակցելու են 45 կամավորներ: Բոլորը պետք է ստանան 2 ներարկում՝ շուրջ մեկ ամիս ընդմիջումով:

Հետազոտությամբ պետք է պարզվի, որ պատվաստանյութը մարդու համար անվտանգ է, եւ որ այն ներարկելուց հետո իմունային համակարգը պատշաճ կերպով կարձագանքի: Բժիշկ Էնթոնի Ֆաուչին նշել է, որ եթե ընթացիկ փորձարկումներն անգամ հաջողված լինեն, պատվաստանյութը դեռ 1 կամ 1,5 տարի անհասանելի կլինի լայն կիրառման համար: 

Այսօր COVID-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում տասնյակ հետազոտական խմբեր, այդ թվում՝ բոստոնյան բիոտեխնոլոգիական Moderna Therapeutics ընկերությունը, որը հիմնադրել է հայտնի բիզնեսմեն Նուբար Աֆեյանը: Նախատեսվում է, որ ապրիլին փորձարկումները կսկսի Inovio Pharmaceuticals-ը: 



© NEWS.am Medicine