14:50 17 մարտի, 2020Ո՞ր սովորություններն են վնաս հասցնում մեր առողջությանը.
Քնատությունը
Որոշ գիտնականներ պնդում են, որ քնատությունը նույնքան վտանգավոր է, որքան ծխելը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք օրական 7 ժամից քիչ են քնում, 30 տոկոսով ավելի շատ են հակված քաղցկեղով հիվանդանալու ռիսկի, քան նրանք, որոնք քնում են առնվազն 8 ժամ:
Կիսաֆաբրիկատները
Սննդի մեջ կիսաֆաբրիկատների օգտագործումը եւս մեկ վնասակար սովորություն է: Դրանց մեջ մեծ քանակությամբ աղ, համի ուժեղացուցիչներ եւ կոնսերվանտներ կան, եւ այդ նյութերը կարող են վնասել առողջությունը: Աղը, օրինակ, վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար:
Վտանգավոր են նաեւ նրբերշիկը, երշիկը, խոզապուխտը եւ այլն. դրանք ներառված են պոտենցիալ քաղցկեղածին հատկություններով մթերքների ցուցակում:
Քիչ շարժունակ կենսակերպը
Քիչ շարժունակ կենսակերպը եւս մեկ վտանգավոր սովորություն է, որը կապված է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկի հետ: Նույնիսկ եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ցանկալի է ժամանակ առ ժամանակ վեր կենալ եւ մարզվել, իսկ ազատ ժամանակ քայլել եւ սպորտով զբաղվել:
Տաք ուտելիքը
Չափից դուրս տաք ուտելիքը եւ տաք խմիչքները եւս որոշակի ռիսկեր են պարունակում: Համարվում է, որ շատ տաք ուտելիքը կապված է բերանի խոռոչի, կոկորդի,կերակրափողի եւ այլ օրգանների քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ:
Ծխելը
Իհարկե, բազմիցս լսել ենք ծխելու վնասակարության մասին: Սակայն այդ թեման շրջանցելն անհնար է: Ծխելը կապված է սրտանոթային մի շարք հիվանդությունների, ինչպես նաեւ թոքերի եւ միզապարկի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: