Ասթմայի դեմ կիրառվող դեղամիջոցները կարող են դանդաղեցնել երեխաների աճը

10:38   17 հուլիսի, 2014

Զուգահեռաբար իրականացված երկու հետազոտության արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ թեթեւ կամ միջին ասթմայի բուժման նպատակով կիրառվող կորտիկոստերոիդները երեխաների աճը դանդաղեցնելու հատկություն ունեն: Ճիշտ է՝ հիշյալ ազդեցությունը միայն բուժման առաջին տարվա ընթացքում է նկատվում, այդուհանդերձ, փորձագետները խորհուրդ են տալիս նվազագույն չափաբաժնով օգտագործել դեղամիջոցը՝ կողմնակի ազդեցություններից խուսափելու նպատակով, հաղորդում է Medical Daily-ն: 

Ասթման երեխաների շրջանում ամենալայն տարածում գտած հիվանդություններից մեկն է համարվում, որի պարագայում շնչուղիների այտուցվածությունը թույլ չի տալիս, որ թոքերն ամբողջությամբ օդով լցվեն: Հակաբորբոքային դեղամիջոց պարունակող հանրահայտ սարքը շնչառական համակարգին լիարժեք աշխատելու հնարավորություն է ընձեռում:

Մոնրեալի համալսարանի մանկաբուժության ֆակուլտետի գիտահետազոտական խմբի անդամ, վերոհիշյալ հետազոտություններից մեկի համահեղինակ Ֆրանսին Դուշարմը խորհուրդ է տալիս, նախքան կորտիկոստերոիդների ազդեցության վերաբերյալ առավել հավաստի տվյալների ստացումը, երեխաների պարագայում դեղամիջոցի օգտագործման չափաբաժինը նվազագույնի հասցնել: 

Առաջին՝ մինչեւ 18 տարեկան 8471 երեխաների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կորտիկոստերոիդների՝ դեղագործական շուկայում շրջանառվող բոլոր տեսակները, բացի մեկից, բուժման առաջին տարվա ընթացքում երեխաների եւ դեռահասների աճը կես սանտիմետրով դանդաղեցնելու հատկություն ունեն: Միջին տարեկան աճը տարիքային խմբի համար 6-9 սմ է կազմում:

Ճիշտ է՝ օգտակարության ֆոնին դեղամիջոցի բացասական ազդեցությունը շոշափելի չէ, մանավանդ որ բուժման առաջին տարվա ընթացքում է միայն նկատվում, այնպես որ մասնագետները չեն կարծում, որ բուժամիջոցից հրաժարվել է պետք. ամենախոհեմ մոտեցումը թերեւս նվազագույն չափաբաժնով օգտագործումն է:

Երկրորդ հետազոտությամբ պարզվել է, որ սարքի՝ օրվա ընթացքում մեկ անգամով քիչ օգտագործման պարագայում երեխաների մոտ 25 մմ աճ է խթանվում:



© NEWS.am Medicine