Ո՞ր մթերքներն են բարելավում կոլոռեկտալ քաղցկեղի բուժման արդյունքները

23:18   19 մարտի, 2020

Պրոբիոտիկների եւ խաչածաղկավոր բանջարեղենների համադրությունը, ինչպիսին է, օրինակ, բրոկոլին, բարելավում են հաստ եւ ուղիղ աղիքի քաղցկեղի բուժման արդյունքը: Այս անսպասելի եզրակացությանը հանգել են Սինգապուրի ազգային համալսարանի աշխատակիցները:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերը նշված գիտնականները «կոկտեյլ» են ստեղծել E.coli Nissle աղիքային մանրէից, որը վերածել են պրոբիոտիկի, եւ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ պարունակվող ֆերմենտից: Արդյունքում առաջացած խառնուրդը լաբորատորային պայմաններում սպանել է քաղցկեղի բջիջների մինչեւ 95 տոկոսը:

Խառնուրդը փորձարկվել է կրծողների վրա: Պարզվել է, որ մկների խմբի մոտ, որոնց կերակրել են այս խառնուրդով, վերահսկվող խմբի համեմատ ուռուցքները նվազել են 3 անգամ:

Դեռ դժվար է ասել` արդյոք խառնուրդը նույն ազդեցությունը կունենա նաեւ մարդկանց վրա եւ կարո՞ղ է արդյոք պրոբիոտիկների եւ խաչածաղկավոր բանջարեղենների օգտագործումը ունենալ նույն ազդեցությունը, բայց մասնագետները, ամեն դեպքում, խորհուրդ են տալիս ներառել դրանք սննդակարգում. չի բացառվում, որ դա կարող է օգնել քաղցկեղի կանխարգելմանը, ինչպես նաեւ` ուռուցքի հեռացումից հետո օրգանիզմի վերականգնման ժամանակ:



© NEWS.am Medicine