Հունվարի 24-ից մարտի 18-ը 65 ուղեւոր հոսպիտալացվել է հենց օդանավակայանի սահմանային անցակետից

20:38   18 մարտի, 2020

Հունվարի 24-ից մարտի 18-ը 65 ողեւոր գրիպի եւ ՍՇՎ-ի ախտանիշներով հոսպիտալացվել է հենց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետից: Եվ այդ պահից ի վեր սահմանային անցակետը սկսել է Իտալիայից ժամանած քաղաքացիների մեկուսացումը: Մինչ այս պահը օդանավակայանից մեկուսացվածների թիվը 100-ն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում «բարձր ռիսկի» երկրներից Հայաստանում ժամանած 4993 ուղեւոր քարտեր է լրացրել օդանավակայանում: Եվ մարտի 10-ից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ սկսել են Հայաստանում ժամանած բոլոր ուղեւորների մասին տվյալներ հավաքել՝ անկախ նրանից, թե որ երկրից են նրանք ժամանել:

Ավագյանը հիշեցրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը հունվարի 24-ից գործում է ուժեղացված ռեժիմով. անձնակազմի թիվը մեծացել է 2 անգամ, ինչպես նաեւ նոր սարքավորումներ են տեղադրվել:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 դեպք:   



© NEWS.am Medicine